‘Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին. Պարտավոր ենք ապահովել ընկերությունների ֆինանսական կայունությունը’

1113

Ինչպես հայտնի է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Ըստ ամենայնի՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան նորից կթանկանա: Նախապես նշվում էր՝ 4 դրամով, այժմ ՝ 3.85 դրամով: Էլեկտրաէներգիա արտադրող եւ բաշխող ընկերությունները արդեն իսկ ներկայացրել են այն հիմնավորումները, թե ինչու են ցանկանում նորից բարձրացնել էլէներգիայի գինը, որը, հիշեցնենք, բարձրացել էր 2013-ի ամռանը: Պարզվում է՝ խնդիրը նրանց ֆինանսական ճեղքվածքներ են ու վնասները: Իրականում՝ նրանք սեւով սպիտակի վրա նշել են, թե այս կամ այն աշխատանքները կատարելու, վարկը մարելու համար ծախսել են որոշակի գումար, ու քանի որ պետք է ունենային հստակ երաշխավորված չափով շահույթ, եւ այդ շահույթը չեն ունեցել, ապա իրենք, իբր, կրել են վնասներ, եւ հիմա այդ վնասները պետք է փոխհատուցենք մենք՝ էլէներգիայի համար վճարելով ավելի շատ գումար:

 ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն այդ կապակցությամբ արդեն երկրորդ օրն է՝ գալիս է ԱԺ: Երեկ նա ԲՀԿ խմբակցութան ներկայացուցիչների հետ էր հանդիպել, այսօր էլ՝ ՀՅԴ-ի: Հանդիպումից հետո Նազարյանը լրագրողներին ասել է, թե իրենք իրենց պաշտոնական հաղորդագրության մեջ ձեւակերպել են, որ ստանալով էլեկտրաէներգետիկական շուկայի բոլոր լիցենզավորված ընկերությունների պաշտոնական հայտերը՝ ամփոփել են եւ ներկայացրել  իրենց գնահատականը՝ որքան պետք է լինի սպասվող թանկացումն առաջիկայում: Հետո ասել է, թե էլեկտրաէներգետիկական շուկայում կան 11 խոշոր ընկերություններ, բոլորը այս սակագնի մեջ ունեն իրենց մարժայի մեծությունը, եւ բոլորը ներկայացրել են իրենց մարժաները: «Մենք ամփոփել ենք եւ գնահատել ենք բոլորի հիմնավորված խնդիրները, թե վերջնական սպառողի համար ինչպիսի սակագնի մեծություն կլինի:«Էներգետիկայի մասին» օրենքում ամրագրված է, որ սակագները կարող են վերանայվել ինչպես հայտերի դեպքում, այնպես էլ մեր սեփական նախաձեռնությամբ, որ կարողանանք լիցենզիայի պայմաններում ամրագրված բոլոր պայմաններով ապահովել անվտանգ եւ հուսալի շահագործում»,- ասել է Նազարյանը: Ապա հավելել է, թե իրենք միայն այդ ընկերությունների շահերի մասին չէ, որ մտածում են: Պարզվում է՝ նաեւ սպառողի մասին  են մտածել եւ «լավ են մտածել», եւ ապա բացատրել է, թե ինչպես են դա արել: Ըստ նրա՝ սպառողի մասին իրենք մտածել են այնքանով, որ ընկերությունները հայտերում ավելի մեծ թիվ էին գրել, որը իրենք համարել են չհիմնավորված եւ մերժել են: Ստորեւ ներկայացնում ենք մեր կայքի հարցերն ու Ռոբերտ Նազարյանի պատասխանները:

Դուք այդ հիմնավորումներին ծանոթ եք, ի՞նչ է նշանակում ֆինանսական ճեղքվածքների պատճառով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

 -Մենք, որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ունենք հստակ ամրագրված գործառույթներ, եւ համաձայն այդ գործառույթների՝ պարտավոր ենք ապահովել մեր լիցենզավորած ընկերությունների ֆինանսական կայունությունը:

 —Այսինքն, անկախ սպառման ծավալներից՝ երաշխավորված շահո՞ւյթ պետք է ունենան, համենայնդեպս՝ ՀԷՑի հիմնավորումն այդ մասին է, որ ինչինչ պատճառներով սպառումը պակասել է, ու իրենք վնասներ են ունեցել:

 -ՀԷՑ-ի հայտարարությունը չգիտեմ ինչպիսին է, բայց ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տվել. նախորդ տարվա նկատմամբ 7 տոկոս սպառումն ավելացել է:

 Պարոն Նազարյան, իսկ ինչո՞ւ ձեր կողմից նշված այդ մարժան չեք հաշվարկել նախորդ թանկացման ժամանակ, չե՞ք ցանկացել գազի գնի բարձրացման հետ միաժամանակ նաեւ զգալի տարբերությամբ էլէներգիան թանկացնել, եւ այն արել էիք մասնակի՞:

-Ոչ, նման բան չկա, յուրաքանչյուր սակագնային մեծություն վերաբերում է 1 տարվան, մեկ տարվա կանխատեսումներ են արվում, եւ մենք չենք կարող երեք տարվա կտրվածքով կանխատեսումներ անել եւ հստակ պատկերացնել, թե ինչ կլինի մեկ տարի հետո, միջուկային վառելիքի գինը միջազգային շուկայում ինչ կարող է լինել, դոլար-դրամ փոխարժեքը մեր հանրապետությունում:

 —Պարոն Նազարյան, նախ՝ ընդամենը ամիսներ առաջ է թանկացել էլեկտրաէներգիան, ոչ թե երեք տարի առաջ:

-Մեկ տարի առաջ:

Եւ երկրորդը՝ իրենց կողմից ներկայացված հիմնավորումների մեջ ձեր կողմից հենց նոր հիշատակված հիմնավորումների մասին խոսք չկա՝ ո՛չ դոլար-դրամ փոխարժեքի, ո՛չ միջուկային էներգիայի գնի մասին այնտեղ խոսք չկա, փոխարենը՝ խոսք կա, օրինակ, կատարված ներդրումների, վերանորոգումների, ստացված վարկերը մարելու եւ այլնի մասին:

-Եթե այլ աղբյուր կարող է ինձ առաջարկել, որ իր գործառույթների շրջանակներում հնարավոր կլինի այդ ճեղքվածքը փակել, ես սիրով կընդունեմ:

 —Պարոն Նազարյան, բաշխիչ ցանցերի վաճառքի պայմանագրո՞վ էր ամրագրված, որ այն, ամեն դեպքում, երաշխավորված շահույթ պետք է ունենա տարեկան կտրվածքով:

 -Այո, պայմանագրով այդ բանն ամրագրված է: Սեփականաշնորհման ժամանակ հստակ գրվել է, թե նորման ինչքան պետք է լինի:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Երկրում ձախողումների հիմնական պատճառը Սահմանադրությունը չէ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կառավարությունում առաջին եռամսյակը սկսում է դեկտեմբերից (Տեսանյութ)’