‘Նաիրա Զոհրաբյան. Ռասիզմ և այլատյացություն սերմանելու Բաքվի քաղաքականությունը կշարունակվի’

997

Ադրբեջանի նախագահական ընտրությունները և Իլհամ Ալիևի վերընտրումը որևէ բան չեն կարող փոխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ադրբեջանի քաղաքականությունն անփոփոխ կմնա: Այն կայանում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու հակվածության մեջ, ինչպես տեղի ունեցավ, օրինակ` Կազանում,  2011 թ. հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: Մենք կշարունակենք գործ ունենալ ռեժիմի հետ, որի հետ անհնար է որևէ բան պայմանավորվել: Ես որևէ պատրանք չունեմ այդ հարցում: Բաքուն կշարունակի կեղծիքի և ապատեղեկատվության իր քաղաքականությունը` սերմանելով այլատյացություն և ռասիզմ: Եվ հայկական կողմը պետք է պատրաստ լինի նման անակնկալների»,- ընդգծել է Զոհրաբյանը:

Միաժամանակ պատգամավորը խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, հակամարտության կողմերի միջև «համահարթեցման» նրանց քաղաքականությունը: ԲՀԿ ներկայացուցչի կարծիքով, ալիևյան կլանի առանց բացառության բոլոր ներկայացուցիչների ելույթները լի են ռազմատենչ հռետորաբանությամբ, որևէ միջացառում չի ընթանում առանց ղարաբաղյան խնդրի հիշատակման և «զենք ճոճելու», իսկ համանախագահները, չգիտես ինչու, շարունակում են «զսպվածության կոչ անել կողմերին»: Նրա խոսքով, ինքը բազմիցս բարձրացրել է այդ հարցը համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, սակայն միշտ անորոշ պատասխաններ է ստացել:

Նախորդ հոդվածը‘Վանաձորում ամուսինը փողոցում դանակով հարվածել է կնոջ պարանոցին’
Հաջորդ հոդվածը‘Արևելյան գործընկերության երկրների հեռանկարների շուրջ լսումներն ԱՄՆ Սենատում հետաձգվել են’