‘Նաիրա Զոհրաբյան. Օսկանյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ-ից դուրս գալու մասին’

1169

Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դուրս գալու մասին, ԲՀԿ արտահերթ համագումարի ավարտից հետո հայտարարեց կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ, այնուամենայնիվ, Օսկանյանը մանդատը վայր չի դնելու: «Օսկանյանն այսօր հայտարարություն կտարածի, որով կպարզաբանի բոլոր հարցերի պատասխանները», — ասաց Զոհրաբյանը: Նա նշեց նաեւ, որ կուսակցությունում ցանկացել են, որ Օսկանյանը չհեռանա, սակայն «դա իր որոշելիքն է»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չգիտի՝ արդյոք կուսակցությունից դուրս գալու հայտ այլ անդամներ եւս կներկայացնեն: Համագումարից հետո տեղի է ունեցել նաեւ ԲՀԿ քաղխորհրդի նիստ եւ քաղխորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է նախկին քաղշին նախարար Վարդան Վարդանյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գործող կանոնադրության համաձայն քաղխորհրդի նախագահի ու կուսակցության նախագահի պաշտոնները մեկ անձ է զբաղեցնում, եւ կանոնադրական փոփոխություններից հետո քաղխորհրդի նախագահ կդառնա Վարդանյանը:

Նաիրա Զոհրաբյանը լրագրողներից ներողություն խնդրեց՝ հետաքրքրող հարցերից շատերին չպատասխանելու համար: Նրա խոսքով, ԲՀԿ-ն դեռ պետք է հստակեցնի իր դիրքորոշումներն ու մարտավարությունը:

«Վստահ եմ, ԲՀԿ-ն շատ արագ կվերականգնի իր հեղինակությունը», — ասաց Զոհրաբյանը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Երևանը կյանքի որակով 183-րդն է աշխարհի խոշոր քաղաքների շարքում. ցանկում 223 քաղաք կա’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ծնունդդ շնորհավոր, Վազգեն’