‘Նախաքննական մարմինը ստացել է Արամ Մանուկյանի գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքները ‘

1089

ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործը քննող մարմինը ստացել է Մանուկյանի նկատմամբ  նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

Ըստ աղբյուրի, Արամ Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները «պատճառվել են բութ առարկայի/ների/ ներգործության հետևանքով, որոնք առողջությանը պատճառել են թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով»։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է նաեւ, որ հանձակման մեջ մեղադրվող Ա.Սվազյանի բնակության վայրում եւ բնակարանի օժանդակ շինություններում կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսներ, որոնք ենթարկվել են զննության: Առգրավված բջջային հեռախոսների մեջ շահագործվող բջջային հեռախոսահամարների վերծանումներն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը բավարարվել է և կատարման համար ուղարկվել համապատասխան բջջային օպերատորներին:

Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերի 11-ի երեկոյան Արամ Մանուկյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակումը գործել է ոմն Արշակ Սվազյան, որը ժամանակին աշխատել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) մոտ՝ որպես վարորդ: Սվազյանը խոստովանել է, որ հարձակումը կապ ունի Մանուկյանի քաղաքական գործունեության հետ, իբր՝ նա իր արարքով «Սերժ Սարգսյանի թասիբն է պահել»: Իրավապահ մարմինները Սվազյանի նկատմամբ կալանք չեն կիրառել, չնայած, որ նա նախկինում դատապարտվա է եղել մաքսանենգության համար: Արամ Մանուկյանի դեմ հարձակմանը նախորդել էին մի շարք քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական գործիչների, այդ թվում՝ ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի դեմ հարձակումները, որոնք, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի խոստովանությամբ՝ կազմակերպվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Տարեվերջին հասարակական-քաղաքական գործիչների դեմ պատվիրված բռնությունները դատապարտելու նպատակով ԱԺ-ում հրավիրված քննարկումների ժամանակ իշխող ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորները փաստացի խոստովանեցին, որ դրանք տեղի են ունեցել առնվազն իշխանությունների խրախուսմամբ: 

Նախորդ հոդվածը‘Nissan-ն ամբողջ աշխարհից ետ է կանչում գրեթե 770 հազար ավտոմեքենա’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ՌՕՈՒ-ն 19-ժամյա թռիչք է իրականացրել հյուսիսային Ատլանտիկայի վրայով’