‘Նախաքննական մարմնի, Աշոտ Սուքիասյանի և նրա փաստաբանի ուզածը նույնն է’

1113

Օֆշորային սկանդալում ներգրավված, հունիսի 19-ից կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը նմանակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, որպեսզի ոչ մեկն իրենից իր բիզնեսը չկարողանա խլել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ գործարարը հայտնի մարդկանց ստորագրությունները կեղծել է՝ առանց այդ մարդկանց զգուշացնելու: Այս արարքի նպատակն էլ այն է եղել, որ հետագայում պաշտպանի իր բիզնեսը:

«Աշոտ Սուքիասյանը մեծ ցավ է ապրում, որ նմանակել է այդ մարդկանց ստորագրությունները: Ինքը վախեցել է, որ իր բիզնեսը կխլեն իրենից, Աֆրիկայում մեկ անգամ արդեն ինչ-որ մեկը խաբեությամբ տիրացել էր նրա բիզնեսին»,- ավելացրեց Յուրիկ Խաչատրյանը:

Նշենք, որ նույն փաստաբանը երկու օր առաջ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում պնդում էր, որ Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով:

«Ունեցել է հարաբերություն, շփվել է նշված անձանց հետ։ Ինքը ցանկացել է, զուտ մարդկային առումով, հետագայում եթե, անկախ էն հանգամանքից, ով որտեղ աշխատեր, կամ աշխատանքից ազատված լիներ, իրենց որպես նվեր մատուցեր, այսպես կոչված, սյուրպրիզ աներ՝ նրանց անվամբ կա բացված նաև ընկերություն, որ կարող են այդ գումարներից օգտվել», — ասել էր Խաչատրյանը։

Անհասկանալի է նաև, թե ինչպես պետք է Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրությունները պաշտպանեին Աշոտ Սուքիասյանի բիզնեսը Աֆրիկայում:

Ակնհայտ է մի բան, որ նախաքննական մարմինը, Աշոտ Սուքիասյանը և նրա փաստաբան Յուրիկ Խաչատրյանը անում են ամեն ինչ, որ սույն գործից մաքուր դուրս գան Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը: Բայց դրա համար առնվազն պետք է մի պատմություն  մտածեն և ամեն անգամ պատմեն այդ մի պատմությունը. կա՛մ բիզնեսն է ուզեցել պաշտպանել, կա՛մ նվեր է արել: Մեր կողմից կարող ենք առաջարկել՝ «երկու անկապ ստորագրություն է դրել, պարզվել է՝ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրություններն են ստացվել» տարբերակը:

Նախորդ հոդվածը‘Հայկական խայտառակություն. Անդորրայի չեմպիոնի դարպասապահի գոլը «Բանանցին» դուրս է թողնում մրցաշարից’
Հաջորդ հոդվածը‘Երթեւեկության կազմակերպման փոփոխություն` Իսակովի պողոտա եւ Բարձրբերդի փողոց խաչմերուկում’