‘Նախընտրական հիմնադրամի մնացորդը կօգտագործվի բարեգործական նպատակներով’

1004

Փետրվարի 18-ի ժամը 00-ից, Ընտրական օրենսգրքի համաձայն, կդադարեցվեն ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները: Հանրապետության Նախագահի ընտրություններում գրանցված թեկնածուների կողմից անհրաժեշտ վճարումների իրականացումն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկում քվեարկությանը նախորդող հանգստյան օրերին` փետրվարի 16-ին և 17-ին, հայտարարվել է գործառնական օր:

Այդուհանդերձ` ԸՕ-ն որոշակի բացառություն է անում. թեկնածուների դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո, բայց մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար, հայտնում է Փաստինֆոն:

Թեկնածուներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կներկայացնեն ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ընտրությունների արդյունքների ամփոփման ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ` մինչև փետրվարի 22-ը:

Հայտարարագրին կկցվեն թեկնածուին զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ` տպագիր, պատրաստման համար կնքված պայմանագրերը:

Ըստ այդմ, պարզ կդառնա թեկնածուների նախընտրական հիմնադրամներում արձանագրված ֆինանսական շարժը և մասնավորապես` մնացորդի առկայությունը կամ բացակայությունը:

Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում դրամական միջոցների առկայության դեպքում, ԸՕ-ի համաձայն, դրանք ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, թեկնածուի հայեցողությամբ կօգտագործվեն բարեգործական նպատակներով: Այդ ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները կփոխանցվեն պետական բյուջե:

 

Նախորդ հոդվածը‘ «Կամերային» թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով’
Հաջորդ հոդվածը‘Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին պաշտոնանկ արեցին’