‘Նեթանյահու. Իրանի առաջնորդը գայլ է՝ գառան մորթիով ‘

924

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին բնութագրել է որպես գայլ՝ գառան մորթիով: Նեթանյահուն պնդել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենքի տիրանալ, եթե անգամ այդ հարցում հրեական պետությունը միայնակ մնա:  Նա կոչ է արել շրջահայաց լինել Իրանի կառավարության հետ հարաբերություններում: Դիմելով ՄԱԿ-ին՝ Նեթանյահուն հայտարարել է, որ միջուկային զենքի տիրապետող Իրանը վտանգ կսպառնա Իսրայելին, և կոչ է արել մյուս պետություններին՝ պահպանել Իրանի դեմ մտցված պատժամիջոցները: Ըստ վարչապետի՝ Ռոհանին իրականում նույն նպատակներով է առաջնորդվում, ինչ նրա նախորդը: «Ահմադինեժադը գայլ էր՝ գայլի մորթու մեջ, Ռոհանին գայլ է՝ գառան մորթիով»,- զգուշացրել է Նեթանյահուն: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ մտադիր չէ միջուկային զենք մշակել, իսկ Իսրայելի վարչապետի խոսքերն անվանել է «չափազանց վրդովեցուցիչ»:

Վերջին շրջանում Իրանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններում զգալի ջերմացում է նկատվում: Այնուհանդերձ, երկուշաբթի օրը Օբաման Նեթանյահուին հավաստիացրել է, որ  Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ նախկինի պես չի բացառում ուժի կիրառումը: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախատել է Օբամային՝ իր խոսքերով՝ երկու պետությունների հետ բանակցություններում քաղաքական լարախաղացությամբ զբաղվելու համար, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Մհեր Մկրտչյան» թատրոնում «գաղափարապես անհուսալի» աշխատողներից ազատվում են’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Արսենալն» ու «Ատլետիկոն» ավելիի են հավակնում, քան սպասվում էր’