‘Ներկայացվել են 2014 թվականի բուհերի ընդունելության արդյունքները’

1791

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թ. ընդունելության արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-106-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2010թ. N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի ( 2 բժշկական և 4 մանկավարժական) մրցույթի անցկացում և հաստատում, ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստում, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփում և ըստ բուհերի ընդունելության ցուցակի նախապատրաստում, քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկում և այլ ընթացիկ հարցեր:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թվականի ընդունելության արդյունքները, որի համաձայն`  290 դիմորդ դրական միավորներ են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել: 169 դիմորդ չի ներկայացրել ատեստատ: Հանձնաժողովը քննարկել է  բուհերի  ռեկտորների դիմումները` հավելյալ տեղեր տրամադրելու հետ կապված: Որոշ բուհերի դիմումները բավարարվել են, մասնավորապես, լրացուցիչ 120 տեղ է տրամադրվել ԵՊԲՀ-ին, 53 տեղ` Տնտեսագիտական համալսարանին, ևս 20 տեղ` արվեստի բուհերին: Ագրարային ակադեմիան այս տարի գրանցել է աննախադեպ թվով` մոտ 1000 ուսանող` նախորդ տարիների համեմատությամբ: Ընդ որում` 650 դիմորդ ընդունվել է  ատեստատի գնահատականով: Նախարարը հանձնարարել է վերլուծել վերոնշյալ մեխանիզմի ներդրման արդյունավետությունը` հետագայում կիրառելու այն մասնագիտությունների գծով, որոնք լրացուցիչ խթանի կարիք ունեն:

Անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` Ռ. Սուքիասյանը նշել է, որ առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով: Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաև Եվրոպայի և աշխարհի առաջնության 24, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 7 մրցանակակիրներ:

Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր: Դրական պատասխան է տրվել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` անվճար հիմունքներով սովորելու մասին դիմումներին: 

Ընդունելության շեմը հաղթահարած դիմորդների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականի սենսացիոն հայտարարությունը. Հայկական կողմը կարող է Նախիջևանի տարածքով ուղիղ ե/ու հաղորդակցություն ապահովել Իրանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը «ձեռնաշարժությամբ զբաղվողներին» օր ու արև չի տալիս’