‘Նիլս Մուիժնիեկս. Մարտի 1-ի բացահայտման հարցը օրակարգում է’

1169

Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման խնդիրը դեռ վերջնականապես չի լուծվել, եւ վերջնական գնահատական կլինի քննության ավարտից հետո:

Հայաստանի Մարդու իրավունքների գրասենյակում օմբուդսմենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը:  

Հանձնակատարը նախ նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա իրողությունների մասին չի խոսելու, քանի որ իր մանդատը թույլ չի տալիս ԵԽ կառույցներից որեւէ մեկում նախագահող երկրի վերաբերյալ գնահատականներ տալ (Հայաստանն այժմ նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում-խմբ.): Նա նշեց, որ արդեն գալիք տարվա մեջ նախատեսված հաջորդ այցի ժամանակ հանդես կգա կոնկրետ գնահատականներով եւ պաշտոնյաներից պարզաբանումներ կպահանջի այն դեպքում եթե նախկինում տրված հանձնարարականների կատարումն անբավարար լինի:

Հայաստանի ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հերթին հայտարարեց, որ Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտումը մնում է իր գործունեության օրակարգում: «Եթե քննության արդյունքները չբավարարեն հանրությանը, մենք հետամուտ ենք լինելու` պարզելու համար, թե որ պետական մարմիններն են թերացել», — նշեց նա:

Անդրադառնալով խտրականության բացառման մասին «գենդերային օրենքի» ընդունման խնդրին, Կարեն Անդրեասյանը նշեց, որ մեզանում այդ ոլորտում տիրում է կամ կատարյալ անգիտություն կամ որոշ խմբեր ուղղորդված կերպով խառնաշփոթ են ստեղծում` խեղաթյուրելով «հանդուրժողականություն» եւ «խտրականություն» հասկացությունները:

Մասնավորապես, ըստ օմբուդսմենի, միտումնավոր կերպով նույն հարթության վրա են դնում միասեռականությունը, արյունապղծությունը եւ մանկապղծությունը` դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականություն  կա: «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանում ոչ ոք չի առաջարկել քննարկել միասեռ ամուսնությունների թույլատրման կամ միասեռ զույգերին որդեգրման իրավունք տրամադրելու հարցը: Միասեռ ամուսնություններն օրինականացնելու խնդիր մեր օրակարգում չկա, մեզ այժմ Հայաստանի արդարադատության համակարգը եւ սոցիալական խնդիրներն են հուզում», — հայտարարեց նա:

Իր հերթին ԵԽ ՄԻ հանձնակատարը նշեց, որ եվրոպական ցանկացած երկիր, այդ թվում` Հայաստանը ազատ է` ինքնուրույն կերպով որոշելու միասեռ զույգերի ամուսնությունը օրինականացնելու եւ նմանատիպ հարցերը, սակայն կան հավասարությանը վերաբերող ընդհանուր նորմեր, որոնք պարտադիր են բոլորի համար:  

Ի դեպ, հանձնակատար Մուիժնիեկսը տեղեկացրեց նաեւ, որ հանդուրժողականության հարցերով քննարկումներ է ունեցել նաեւ Հայաստանի երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների հետ:

iLur.am-ը այս կապակցությամբ հարց ուղղեց` արդյո՞ք հանձնակատարը տեղյակ է, որ Հյաստանի երիտասարդական կենտրոնը համակարգում է մի մարդ (ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը-խմբ.), որը իր քաղաքական հակառակորդներին վիրավորելու համար նրանց «թուրքից առավել թուրք» եւ «ադրբեջանցի» է համարում, իսկ նրա կուսակից, փոխնախարար Խաչիկ Ասրյանը սպառնում է այրել կրակի վրա:

Ի պատասխան, Նիլս Մուիժնիկսը խորհուրդ տվեց զերծ մնալ մեկմեկու այրելու կոչերից:

«Քաղաքական գործիչները կարող են շատ լուրջ տարաձայնություններ եւ անհամաձայնություններ ունենալ, բայց պետք է շարունակել միմյանց հարգել եւ չնայած տարաձայնություններին` չուզենալ միմյանց վնաս տալ: Այդ իմաստով քաղաքական գործիչները պետք է օրինակ ծառայեն, որովհետեւ իրենց վրա դրված է շատ լուրջ պատասխանատվություն, եւ պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերեն թե իրենց հետ համակարծիք թե տարբերվող կարծիք ունեցողների վերաբերյալ», — ասաց նա:  

Իր հերթին, Կարեն Անդրեասյանը նշեց, որ ցանկացած բռնության կոչ վայրիություն է` անկախ նրանից, թե ով եւ ում հասցեին է այն հնչեցնում:

 

 

Նախորդ հոդվածը’20 փաստ 40 ամյա Eminem-ի մասին’
Հաջորդ հոդվածը‘Օրենքի խախտմամբ անջատել են Լեւոն Զուրաբյանի խոսափողը ‘