‘Ն.Զոհրաբյան. Ընտանիքներն իրավունք ունեն տեղեկացված լինելու, թե ի՞նչ է կատարվել իրենց մերձավորների հետ’

535

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում անդրադարձել է ռազմական կոնֆլիկտների ժամանակ անհայտ կորածներին: «Այսօր մենք քննարկում ենք խիստ զգայուն մի խնդիր, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց, ընտանիքների։ Մի շարք զինված հակամարտությունների հետևանքով այսօր Եվրոպայում կան շուրջ 20.000 անհայտ կորածներ, եւ այս խնդիրը շարունակում է օրակարգային մնալ ԵԽ անդամ մի շարք երկրներում։ Մեկ բան աներկբա է՝ անհայտ կորած անձանց ընտանիքներն իրավունք ունեն տեղեկացված լինելու, թե ի՞նչ է կատարվել իրենց մերձավորների հետ, եւ այո, ես համաձայն եմ զեկուցողի հետ, որ ընտանիքներին պետք է մշտապես տեղեկացնել բոլոր կատարվող քայլերի մասին»,- ասել է նա: Զոհրաբյանը նաեւ առաջարկել արել՝ ռազմական կոնֆլիկտների ժամանակ անհայտ կորածներին որոնելիս կողմերը պարտավոր են համագործակցել դե ֆակտո իշխանությունների հետ։ Չնայած ադրբեջանցիների կատաղի դիմադրությանը՝ այս առաջարկն ընդունվել է, ու Վեհաժողովը քվարակել է կողմ՝ այդ ձեւակերպմամբ համապատասխան զեկույցն ընդունելուն: «Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ խորհրդարանականներս ու ազգային կառավարությունները՝ մեր գործընկեր Ջիմ Շերիդանի զեկույցում բարձրացված կարեւորագույն հարցերի մարդասիրական պատասխաններն ու լուծումները գտնելու համար։ Իրավացի է զեկույցի հեղինակը` նշելով, որ անհայտ կորածներին հայտնաբերելու հարցում անչափ կարեւոր է համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը նաեւ դե ֆակտո իշխանությունների հետ։ Սա եղել է մեր առաջարկը, եւ ես շնորհակալ եմ հեղինակին, որ նա ընդունել է մեր առաջարկն ու այն ներառել զեկույցում,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով:- Սա իրապես առանցքային հարց է, ուստի պետք է մշակել առավել ճկուն մեխանիզմներ՝ փաստացի իշխանությունների հետ արդյունավետ աշխատելու համար։ Ես ողջունում եմ այս կարեւոր արձանագրումը զեկույցում, քանզի բոլորիս նպատակը մեկը պետք է լինի, անել հնարավորը՝ անհայտ կորածներին հայտնաբերելու համար։ Հավատացեք, փոխգործակցությունը դե ֆակտո իշխանությունների հետ այս լրջագույն խնդրի լուծման մարդասիրական ճանապարհներից մեկն է»։

Նախորդ հոդվածը‘Կպաշտպանեն Փոստանջյանին ՀՀԿ երիտթևից’
Հաջորդ հոդվածը‘Չնայած ադրբեջանցիների դիմադրությանը՝ ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ն.Զոհրաբյանի առաջարկին’