‘Շարմազանով՝ անգրագիտությո՞ւն, թե՞ կեղծիք’

1335

Հայտնի կոալիցիոն հուշագրի ուժ ունենալ-չունենալու մասին բանակռվում ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այն համեմատեց Սեւրի պայմանագրի հետ՝ որպես այլեւս ուժը կորցրած։ Դրան ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը հակադարձեց, թե «Հայաստանի իշխանությունները երբեք չեն հայտարարել, թե հրաժարվում են Սեւրի պայմանագրից»։ Լրագրողական անդրադարձներն այս թեմային ընթացան ոչ ճիշտ ուղղությամբ՝ հիմնավորելով Սեւրի պայմանագրի ուժ ունենալու կամ չունենալու, մոռացված լինել-չլինելու ճանապարհով։

Սեւրի պայմանանագրի մասին Շարմազանովի խոսքի հետ կապված պետք է արձանագրել, որ դա անգրագիտություն է, ավելի շուտ՝ կեղծիք։ Ճիշտ է, որ նման հայտարարություն Սեւրից, կամ որ միեւնույն է՝ հողային պահանջներից հրաժարվելու որեւէ հայտարարություն, որեւէ հայ քաղաքական գործիչ երբեւէ չէր արել՝ անգամ կոմունիստական շրջանում։ Իսկ երբ դա անում էին ԽՍՀՄ այս կամ այն ղեկավար գործիչները, նրանց մասին ամբողջ հայությունը զզվանքով էր խոսում եւ իրական դավաճանություն համարում: Սակայն Սեւրի պայմանագրից եւ Թուրքիայի նկատմամբ հողային պահանջատիրությունից հրաժարվելու մասին հայտարարություն արել են անկախ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Ռ. Քոչարյանի։ Ավելի ճիշտ ձեւակերպենք այսպես՝ եթե Ռ. Քոչարյանին ընդունում ենք որպես Հայաստանի նախագահ, որը Սահմանադրության համաձայն կարող էր հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից, ապա նա 2001թ. սկզբին արել է այդ բանը՝ թուրք լրագրող Ալի Բիրանդին տված մի հարցազրույցում։ Շարմազանովը վատաբար կեղծում է, քանի որ ինքն էլ որպես նույն իշխանության մի մաս, մասնակից է ազգային այս խայտառակությանը։ Ահա այդ հարցազրույցի համապատասխան հատվածը, որն անգամ մեկնաբանության կարիք չունի.

Դուք ճնշումներ եք բանեցնում Թուրքիայի վրա եւ Թուրքիային տանում որոշակի կետի: Թուրքիան վերջում ասում է. «Ի՞նչ է ձեր ուզածը, Հայաստան, փոխհատուցո՞ւմ, հո՞ղ»: Կցանկանայի հարցնել Ձեզ, ի՞նչ է Ձեր ուզածը:

Ձեր հարցի պատասխանն արդեն տվել եմ: Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանն ի վիճակի չի լինի Թուրքիայի դեմ իրավական գործողությունների նախաձեռնություն սկսել: Ցեղասպանության ճանաչման դեպքում Հայաստանը հողային պահանջ չի ունենա: Զարմանում եմ, որ թուրք իրավաբաններն այս փաստը թուրքական պետությանը չեն բացատրում: Երբ իրավական այս փաստն ընկալվի, ես հավատում եմ՝ Թուրքիան հարցի շուրջ ավելի լավ պատկերացում կունենա:

Հնարավոր է, որ Ցեղասպանությունից տուժածների թոռներն անհատական կարգով դիմեն դատարան: Դատարանում լուծում կարող են գտնել: Դա Ցեղասպանության ընդունման հետ ուղղակի կապված չէ: Օրինակ՝ եթե որեւէ սփյուռքահայ դիմի դատարան եւ փաստաթղթերով ապացուցի, որ նա այն ժամանակ բանկում գումար ուներ, նա արդեն կճանաչվի որպես իրավական ժառանգորդ:Այս ամենը կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ:

Այն, ինչը Դուք եք ասում, հետեւյալն է. «Եթե ներողամտություն խնդրի Հայաստանից եւ ճանաչի Ցեղասպանությունը, չեն լինի փոխհատուցման կամ հողային պահանջ»: Սա՞ է սցենարը, որ Դուք ցանկանում եք շեշտել:

Այո, դա մեր միակ նպատակն է: Սա զգացմունքային խնդիր է: Բայց ամենից առաջՙ արժանպատվության խնդիր:

Ցեղասպանությունը պատմաբանների՞ խնդիրն է:

Անձամբ համաձայն չեմ այդ տեսակետին: Պատկերացրեք, Թուրքիան ճանաչում է 1915 թ. Ցեղասպանությունը:Ես, կամ որեւէ կուսակցություն ի՞նչ են պահանջելու Թուրքիայից. Հայաստանն այդ հողերի ժառանգորդը չէ: Ինչպե՞ս կարող եմ պահանջել, թե այդ հողերը մերն են եւ ասել. «Թուրքիան պետք է այդ հողերը ետ տա մեզ»:

Դուք ասում եք, թե Սեւրը վերջացե՞լ է:

Թույլ տվեք կրկնեմ: Ցեղասպանության ճանաչումը կապ չունի Սեւրի հետ: Այսինքն՝ Ցեղասպանության ընդունումը պատճառ չի դառնա Սեւրի հարությանը» («Ազգ», 02.02.2001):

 

Այս առիթով, որպես հանրագիտարանային գիտելիք, ավելացնենք եւս 3 բան.

  1. Սեւրից ժամանակին պաշտոնապես հրաժարվել է նաեւ դաշնակցական իշխանությունը՝ 1920թ. Թուրքիայի կողմից պարտադրված Ալեքսանդրապոլի պայմանգրով։
  2. Օտար մամուլին տված մի այլ հարցազրույցում էլ Քոչարյանը 1915 թ. կատարվածը բնորոշել է ոչ թե Ցեղասպանություն բառով, այլ փաղաքշաբար՝ որպես «իսլամական ծայրահեղականության վայրենի դրսեւորումներ»։ Շատ նուրբ այս հարցում սա հավասարազոր էր ուրացման։
  3. 2009թ. Ս. Սարգսյանը, ստորագրելով պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու մասին դրույթ պարունակող հայ-թուրքական արձանագրությունները՝ դրանով արդեն բացահայտ ուրացավ Հայոց ցեղասպանությունը, ինչը, բոլորն են հիշում, որ խայտառակ հակազդեցության արժանացավ հատկապես Սփյուռքում։

Սա է տվյալ հարցի հետ կապված պատմությունն ու իրականությունը, ու պետք չէ դրանից վախկոտաբար փախչել։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նախորդ հոդվածը‘Անելկա. Ինձ ատողներին ասեմ, որ դա փոխադարձ է’
Հաջորդ հոդվածը‘«Կրասնոդարը» ոչ-ոքի խաղաց’