Շվեդ ակտիվիստին արգելել են մուտք գործել Բրիտանիա

242

Բրիտանական իշխանությունները շվեդական ծայրահեղ աջ «Կոշտ ուղեգիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանին արգելել են մուտք գործել Միացյալ Թագավորություն, երբ նա հայտարարել է, որ այրելու է Ղուրանը Անգլիայի հյուսիսում գտնվող Ուեյքֆիլդ քաղաքում, հաղորդել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Թոմ Թուգենդհաթը՝ Համայնքների պալատում ելույթի ժամանակ։

Կիրակի օրը Փալուդանը, ըստ բրիտանական լրատվամիջոցների, տեսագրություն է տեղադրել Twitter-ում, որտեղ հայտնում է Ուեյքֆիլդում մուսուլմանների սրբազան ռամադան ամսում Ղուրանն այրելու իր ծրագրի մասին։ Այդ կերպ նա մտադիր էր պատասխանել մուսուլմանական հանրության կողմից հնչող մահվան սպառնալիքներին, որն ստացել էր աուտիզմով տառապող 14-ամյա տեղացի մի աշակերտ։ Տղան փետրվարի 23-ին դպրոց էր բերել Ղուրանը՝ պատռված շապիկով ու ճմռթված թերթերով։ Միջադեպի քննությամբ՝ բրիտանական ոստիկանությունը գիրքը վնասելը համարել էր «ատելության հիմքով կատարված դեպք», սակայն նշել էր, որ խոսք չկա քրեական հանցագործության մասին։

Բրիտանիայի մուսուլմանական խորհուրդը Փալուդանի կողմից հնչող սպառնալիքները բնորոշել է որպես «հրահրելու անիմաստ գործողություն»։

Հունվարի 21-ին Փալուդանը հրապարակավ այրել էր Ղուրանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, ինչը հանգեցրել է Թուրքիայի և Շվեդիայի միջև հարաբերությունների լարման։ Քաղաքական գործիչն ինքը այն ժամանակ իր ելույթում քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։ Էրդողանը հայտարարել էր, որ Ստոկհոլմում հակաթուրքական ակցիաներից հետո թող Շվեդիան հույս չունենա, որ Անկարան կպաշտպանի նրա դիմումը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍի Ձինպին․ Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ընտրությունն է
Հաջորդ հոդվածըԵՄ-ն 2022 թ․ ՄՔԴ-ին վճարել է 10 մլն եվրո