‘Ո՞ր պետական շենքերի մասին է խոսել Արման Սահակյանը’

1124

Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասել էր, որ դեմ չէ այլ շենքերի վաճառքին ևս, քանի որ «կառավարությունը կարող է քննարկել ցանկացած շենք, որին լավ գին առաջարկեն»:  

iLur.am-ի հետ զրույցում վարչության մամուլի քարտուղար Մարգարիտա Սարգսյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե կառավարության ու նախագահականի շենքերը գնելու առաջարկի դեպքում նո՞ւյնպես Սահակյանը պատրաստ է քննարկել այդ առաջարկները, ասաց.  

«Նման առաջարկ չի կարող լինել, և նման հարց չկա, այսօր ընդհանրապես որևէ բան չկա այդ շենքերի մասով: Ինքը ասել է այն շենքերի մասով, որոնք կարող են վաճառվել, որոնց նկատմամբ կարող է կիրառվել պետական գույքի մասնավորեցում, օտարում: Կոնկրետ շենքի մասով է եղել՝ այդ մասով էլ ասել է: Տրանսպորտի նախարարության մասին էր հարցը, եթե չեմ սխալվում, այդ մասին էլ ասել է», — պատասխանեց Սարգսյանը: 

Փորձեցինք ճշտել, թե կարո՞ղ ենք Արման Սահակյանի ասածից ենթադրել, որ եթե այլ նախարարութունների շենքերի համար լավ գին առաջարկեն, նա կհամաձայնի քննարկել այդ հարցը կամ կորոշի օտարել այդ շենքերը: 

«Ես իր ասածներից ենթադրություններ չեմ անում, ձեզ էլ եմ նույնը խորհուրդ տալիս, ավելի լավ է՝ ամեն ինչ ընկալեք ուղիղ, մի՛ փորձեք ենթատեքստ փնտրել»,- եզրափակեց մամուլի քարտուղարը:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Վարդան Վարդանյանը հնարավորություն ունի լույս սփռելու այդ իրադարձությունների վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Հարավային Օսիայի պատերազմը Սահակաշվիլիի սադրանքն էր. Բիձինա Իվանիշվիլի ‘