‘Ոստիկանները կույր ազատամարտիկին հանել են մեքենայից ու թողել փողոցի բանուկ հատվածում ‘

1701

Երեկ ժամը 19:45 սահմաններում ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը (ով նաև «Նախախորհրդարանի» անդամ է) «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս ինչ-որ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:  Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշել են Ենիգոմշյանին, դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:

Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան:

Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գործով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Մերկասառույցի հետևանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա’
Հաջորդ հոդվածը‘Վաղարշապատի անձնագրային բաժնում կեղծ անձնագիր են տրամադրել. Քրգործ ՀՔԾ-ում’