‘Ոստիկանության բռնարարքի զոհերը չունեն իրենց իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց. Նամակ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին’

4852

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, որտեղ ուշադրություն է հրավիրում 2016թ.-ի հուլիսի 17-ից սկսված ոստիկանական բռնարարքների վրա, որոնք հանգեցրել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով նախատեսված խոշտանգումների արգելման (հոդված 3), անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի (հոդված 5), արտահայտվելու ազատության (հոդված 10) և խաղաղ հավաքների իրավունքի (հոդված 11) բազմաթիվ եւ զանգվածային խախտումների:

«Այս խախտումների զոհերը փաստացի չունեն նաև իրենց իրավունքների իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց (ինչպես նախատեսված է կոնվենցիայի 13 հոդվածով), քանի որ դատարաններն ու վարչական մարմինները գտնվում են նույն քաղաքական կուսակցության՝ ՀՀԿ վերահսկողության ներքո, որը և Հայաստանում իշխող կուսակցությունն է», — մասնավորապես նշվում է նամակում:

Նամակն ամբողջությամբ՝ ստորև.

Հարգելի պարոն Մուիժնիկս,

Ս.թ. հուլիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նույն օրը մի խումբ անձինք գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, ինչի արդյունքում պատանդ են վերցրել մի քանի ոստիկանի:

Խումբը, որն իրեն կոչում է «Սասնա Ծռեր», առաջ է քաշել որոշ պահանջներ, որոնց թվին են պատկանում ներկայումս ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հրաժարականը, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ամիսներ առաջ շինծու մեղադրանքներով անարդար դատաքննությունների արդյունքում քաղաքական շարժառիթներով ազատազրկման դատապարտված մի շարք անձանց, այդ թվում` Շանթ Հարությունյանի ու իր ընկերների, Գևորգ Սաֆարյանի, Հայկ Կյուրեղյանի և այլոց ազատումը:

Այս դեպքերն ուղեկցվել են ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիներին տարբեր վայրերից (տներից, խանութներից, փողոցից, ինչպես նաև Ազատության հրապարակից) բերման և բռնությունների ենթարկելու գործողություններով: Մասնավորապես` ցայսօր բերման են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասը և՛ ոստիկանության բաժիններում, և՛ բերման ենթարկվելու ընթացքում ենթարկվել են տարբեր աստիճանի բռնությունների: Այս պահի դրությամբ արդեն կան տասնյակ ձերբակալվածներ, որոնց զգալի մասը մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու համար: Վերոնշյալ դեպքերի մասին ավելի մանրամասն՝ ստորև՝ ըստ ժամանակագրության:

Հուլիսի 17

Ըստ տարբեր հաշվարկների` ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել հարյուրավոր քաղաքացիների:[1] Բերման ենթարկված քաղաքացիները պնդում են, որ բերման ենթարկելիս ոստիկանները չեն ներկայացրել իրենց որևէ բացատրություն կամ հիմնավորում: Լրագրողների հարցին ի պատասխան ևս նրանք չեն նշել քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառները, անգամ նշել են, որ պատճառ չկա: [2]

Քաղաքացիների մի մասին պահել են ոստիկանության ակադեմիայի մարզադաշտում:[3]

Քաղաքացի Նելլի Մինասյանին բերման են ենթարկել իրենց բակի խանութից՝ առանց որևէ բան ասելու:[4]

Առանց որևէ պատճառաբանության, բռնի ուժով` քաշքշելով և ուժ գործադրելով բերման են ենթարկել գեղանկարիչ Նիկոլայ Աղաբաղյանին: Թեպետ սկզբում ոստիկաններն ասել են, որ նպատակ ունեն ճշտելու քաղաքացու ինքնությունը, սակայն անգամ վերջինիս նույնականացման քարտը տեսնելուց հետո բերման են ենթարկել նրան:[5]

Որպես կանոն` քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պահել են 3 ժամից ավելի:[6] Քաղաքացի Միքայել Նազարյանը ոստիկանության բաժնում պահվել է մոտ 30 ժամ` առանց որևէ կարգավիճակ ունենալու: Այդ ընթացքում նրան չի կարողացել հանդիպել վերջինիս փաստաբան Հայարփի Սարգսյանը:[7]

Փաստաբանների` ոստիկանության բաժիններ մտնելու արգելքն ունեցել է համատարած բնույթ: Այդպիսով ոստիկանությունը կազմակերպված ձևով չի ապահովել քաղաքացիների` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: [8]

Կան բազմաթիվ դեպքեր, երբ ժամեր շարունակ քաղաքացիների գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն հայտնի չի եղել: [9]Ոստիկանները բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ դրսևորել են անմարդկային վերաբերմունք: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես  Գասպարին  պատմում է, որ ոստիկանը կոշիկով կանգնել է իր բերանին` իրեն լռեցնելու համար: [10]

Հուլիսի 18

Քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ավելի սուր դրսևորումներ է ստացել հուլիսի 18-ին, քաղաքացիներին ծեծելն ուղեկցվել է նվաստացուցիչ գործողություններով. Մասնավորապես` բերման ենթարկված և ծեծված քաղաքացի Անդրանիկ Ասլանյանը հայտնել է, որ ոստիկանները փորձել են ստիպել համբուրել տալ իրենց կոշիկները, հայհոյել են իրենց, թքել են իր հետ մասին բերման ենթարկված Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի վրա, նետել են գետնին և սկսել հայհոյել:[11] Դավիթ Սանասարյանը ծեծից հետո անգիտակից վիճակում է հայտնվել: [12] Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա ստացել է ուղեղի ցնցում և սալջարդներ:[13]

Ողջ օրվա ընթացքում  ոստիկանությունը շարունակել է իր անհամաչափ գործողությունները` բերման ենթարկելով տասնյակ քաղաքացիների: Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում խաղաղ հավաքի և քննարկման համար հավաքված քաղաքացիներից շատերին ոստիկանները, բռնություն կիրառելով, բերման է ենթարկել` առանց որևէ պատճառաբանության: [14]

Ոստիկանությունը քաղաքացիների է բերման ենթարկել նաև Խորենացի փողոցից, որը գտնվում է գրավված ՊՊԾ գնդի հարևանությամբ: [15]

Բերման ենթարկված քաղաքացիների թվում են «Նոր Հայաստան» քաղաքական ուժի բազմաթիվ անդամներ` Կարո Եղնուկյանը, Վարուժան Ավետիսյանի կինը` Լուսինե Գալստյանը և դուստրը` Անի Ավետիսյանը:[16]

Քաղաքացիներ Անուշիկ Հարությունյանին, Էլմոնե և Սիմե Եղնուկյաններին ոստիկանությունը բերման է ենթարկել «Այլ ելք չկա» գրությամբ պաստառներ նկարելու համար: [17]

Ոստիկանները ծեծել են բերման ենթարկած քաղաքացիներ Արտուշ Չիբուխչյանին ու Լևոն Զաքարյանին, որոնց մարմնական վնասվածքներով տեղափոխել են 1-ին հիվանդանոց:[18]

Բերման ենթարկվելու ժամանակ, ինչպես նաև ոստիկանության բաժնում ուժեղ ծեծի է ենթարկվել քաղաքացի Վաղինակ Շուշանյանը: [19] [20]

Ոստիկանը հարվածել է իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրող Արտակ Համբարձումյանին: Վերջինս պատմել է, որ երբ հերթական անգամ ղեկավար ոստիկանին հարցրել է, թե ինչու են մարդկանց բերման ենթարկում, արդյոք ունեն հիմնավորում, դիմացի ոստիկաններից մեկը (տեսանյութում էլ երևում է՝ ակնոցով ոստիկանը) բռնել է իր միկրոֆոնից ու ինչ-որ բան ասել: Ինքը փորձել է ազատել միկրոֆոնը, հետ քաշել, և այդ պահին ոստիկանը ձեռքով հարվածել է իր փորին: Համբարձումյանը նշել է նաև, որ խոչընդոտել են իր օրինական մասնագիտական գործունեության իրականացումը:[21]

Արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիներին բերման են ենթարկել անմիջապես փողոցից. այդպիսի իրավիճակում է հայտնվել գրող Հովիկ Վարդումյանը:[22]

Հուլիսի 19

Թեպետ հուլիսի 19-ին ոստիկանությունը զանգվածային կերպով բերման չի ենթարկել քաղաքացիների, սակայն նրանց նկատմամբ հետապնդումները շարունակվել են: Ոստիկանները խուզարկել են քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանի տունը, թեպետ վերջինս տանը չի եղել: [23]

Երևանի «Սարի թաղ» թաղամասում քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման ընթացքում ոստիկանները խլել են իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի տեսախցիկը և միայն որոշ ժամանակ անց` վերջինիս երկարատև պահանջներից հետո վերադարձրել այն:[24]

Հուլիս 20

Հուլիսի 20-ին՝ ժամը 00:12-ին, անհայտ անձինք Տիգրան Մեծ պողոտայից առևանգել են արվեստագետ Արթուր Պետրոսյանին եւ նրա հետ զբոսնող անձին: Նրանց ուժով մտցրել են մեքենայի մեջ եւ տարել անհայտ ուղղությամբ։ Առկա է տեսանյութ, որտեղ երևում է մեքենայի պետհամարանիշը՝ 34 UP 673։ [25]

Երեւանի «Սարի թաղ» կոչվող թաղամասում ձերբակալություններ են սկսվել: Իրավապահներն սկսել են ձերբակալել նախորդ օրվա միջադեպի հնարավոր մասնակիցներին:[26]

Հուլիսի 20-ի երեկոյան Խորենացի փողոցում քաղաքացիների խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ «Նոր Հայաստան» քաղաքական շարժման որոշ աջակիցներ բարձրացրեցին զինված խմբին սնունդով ապահովելու հարցը, քանի որ ըստ նրանց տեղեկությունների՝ վերջիններս վերջին երկու օրվա ընթացքում սննդի լուրջ պակաս ունեն: Նրանք պահանջում էին, որ իրենց  հնարավորություն տրվի ուտելիք փոխանցել ՊՊԾ շենքում գտնվող  անձանց: Նրանք ոստիկաններին մինչև 22:00 ժամանակ տվեցին իրենց պահանջին արձագանքելու համար: Երբ ժամանակը լրացավ, հավաքված մարդկանց շարքերից ոմանք (որոշ աղբյուրների պնդմամբ սադրիչներ) սկսեցին քարեր նետել ոստիկանական պատի ուղղությամբ: Ի պատասխան՝ ոստիկանները սկսեցին հատուկ միջոցներ կիրառել՝ պայթուցիկներ և արցունքաբեր գազ: [27]

Բախումների արդյունքում տուժեցին տասնյակ քաղաքացիներ և ոստիկաններ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, որոնցից 29-ը` ոստիկան: Ցուցարար Մնաց Ալեքսանյանի երկու ոտքը վնասվել է ոստիկանության գործողությունների արդյունքում: [28] Նա ենթարկվել է վիրահատության: Ականատեսների պնդմամբ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև այլ քաղաքացիներ: [29] [30] «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում մի տարեց մարդ, դեմքն ամբողջությամբ արյան մեջ, ասում է լրագրողին, որ իրեն խփել են ոստիկանները: [31]

Հուլիսի 21

Բախումից հետո քաղաքացիները փակեցին նաև Տիգրան Մեծ պողոտան: Վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրեց Խորենացի և Տիգրան Մեծ փողոցում հավաքված ցուցարարներին, որ նրանց հավաքը անօրինական է և կոչ արեց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացին տեղում, ինչից հետո ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել ներկաներին: Ոստիկանության փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ոստիկանության բաժիններ են տեղափոխվել 136 քաղաքացիներ: [32]

Համազգեստովը։ Ցուցարարները, սակայն, մնացին տեղրը զանգվածային բռնություններից խուսափող առանձին մարդկանց հետապնդում էին նույնիսկ բակերում և շենքերի մուտքերում, մռնումգեստովը։ Բռնությունների ենթարկված  ցուցարարն ասել է, որ իրեն ոստիկանություն են տարել Տիգրան Մեծ պողոտայից քաղաքացիական հագուստով մարդիկ: Մեքենայի մեջ իրեն հարվածներ են հասցրել: Հետագայում բաժանմունքում այլ քաղաքացիներն էլ պատմել են, որ իրենց ծեծի են ենթարկել: Նրանց բաց են թողել մոտ երեք ժամից՝ նշելով, որ բերման են ենթարկել ուրիշի գույքը վնասելու կասկածանքով: Նա նաև բաժանմունքում լսել է, թե ինչպես է ոստիկաններից մեկը իր ենթականերին կարգադրում «մասիվից երեք աղջիկ» բերել: Մոտ 20 րոպե անց բաժանմունք են բերել 3 մարմնավաճառների: Ոստիկանները պահանջել են նրանցից ասել, թե իրենց ցույցի վայրից են բերել բաժին: [33]

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ Խորենացի փողոցից բերման են ենթարկվել կուսակցության 9 անդամներ՝ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, վարչության անդամներ Վիլեն Գաբրիելյանը,  Տիգրան Քիրիշյանը, Արթուր Ղուկասյանը, Արտաշես Ջիլավյանը, Տրդատ Սարգսյանը, Արտյուշ Եղիազարյանը, Արմեն Գալջյանը, Սիրակ Սարգսյանը։ Վարչության  անդամներից երկուսը վնասվածքներ ունեն, մասնավորապես՝ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի վերնաշապիկը ամողբջությամբ այրվել և դեմքի վնասվածք է ստացել՝ պայթուցիկի պայթյունից։ Նաև բերման ենթարկելիս բռնություն է գործադրվել Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ: [34] Վերջինիս խոսքով` ոստիկանները թքել են մարդկանց վրա, վիրավորել, խփել, գողացել են իրենց մեքենայում գտնվող 7 հոգու հեռախոսները: Իրենց նախ տարել են Արաբկիրի ոստիկանություն, որտեղ տեղ չի եղել, ապա տարել են Քանաքեռի բաժին: Այդ ողջ ժամանակահատվածում ծեծել են մեքենայում նստած որոշ քաղաքացիների: [35] Ոստիկանները գողացել են նաև բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու հեռախոսը:  Քաղաքացիներին հավաքը ցրելու և նրանց բերման ենթարկելու գործողությունը ղեկավարել է ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Նա հայհոյել է քաղաքացիներին: Ի պատասխան լրագրողի հարցին՝ ինչու հայհոյեց, ոստիկանները լրագրողին մեկուսացրել են:

Բերման ենթարկելու ժամանակ քաղաքացիները ենթարկվել են զանգվածային բռնությունների: Մասնավորապես՝ քաղաքացիներից մեկը ձեռքերը ոլորած բերման ենթարկվելու ընթացքում ասել է օգնեք և ուշաթափվել: Նրան օգնություն չի ցուցաբերվել, ավելին՝ մի քանի ոստիկան միացել են բերման ենթարկողներին, շարունակել քարշ տալ քաղաքացուն: Ոստիկաններից մեկը ոտքով հարվածել է նրա որովայնին: [36] Տեսանյութում լսվում է ոստիկաններից մեկի ձայնը. «Չխփեք»: Քաղաքացիներին բերման են ենթարկել ոչ միայն հանրահավաքի վայրից, այլ նաև հետապնդել են, բերման ենթարկել նրանց տան բակերից: «Էս իմ քուչեն ա».- ասում է քաղաքացին: «12 տարի քո քուչեն ուրիշ տեղ կըլնի, գնա».- արձագանքում է ոստիկանը (նկատի ունի որ 12 տարով ազատազրկման կդատապարտվի):[37]

            Քաղաքացուն բերման են ենթարկել գլուխը կտորով փակած: Մեկ այլ քաղաքացու բերման ենթարկելիս երևում է, որ դեմքը վնասված է և արյունոտ: Ոստիկանը, քաղաքացիներից մեկին բերման ենթարկելիս, բռունցքով հարվածում է նրա գլխին: Ոստիկանները հարվածում են ցուցարարներից մեկին: Մեկ այլ ոստիկան հորդորում է չխփել և հանգիստ տանել նրան: Ցուցարարը գոռում է ցավից, 4 ոստիկան նրան գրկած տանում են: Ոստիկանները հայհոյում են քաղաքացուն բերման ենթարկելիս: [38]  [39]

Բերման ենթարկվող քաղաքացիներին ոստիկանական պատնեշն անցկացնելուց հետո ենթարկել են բռնությունների: [40]

Տեսանյութներից մեկում երևում է, որ այն պահին, երբ 4 ոստիկան բերման է ենթարկում քաղաքացուն, նրանց կողքով անցնող ոստիկանը հարվածում է նրան: [41][42]

Ծեծի է ենթարկվել ցուցարար Արսեն Թադևոսյանը: Ծնոտը երկու տեղից կոտրված է: [43] Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վերջինս գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում տալու, որտեղ ձերբակալվել է՝ անօրինական հավաքին մասնակցելու մեղադրանքով, այնուհետև տեղափոխել Հրազդան քաղաքում գտնվող ՁՊՎ (Երևան քաղաքից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա, պատճառն այն էր, որ Երևանում գտնվող ԶՊՎ-ում տեղ չկար):

Ոստիկանները ուժ են կիրառել նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ: Քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ ծեծի են ենթարկել iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանին և խլել նրա տեսախցիկի հիշողության քարտը:[44] Տիգրան Մեծ պողոտայում նա տեսանկարահանել է միջադեպ, թե ինչպես են քաղաքացիական անձանց ուղղությամբ քարեր նետվում այլ քաղաքացիական հագուստով անձանց կողմից:[45] Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: [46]

Ճակատագրի հեգնանքով ոստիկանները շփոթմամբ փորձել են բերման ենթարկել նաև քաղաքացիական հագուստով իրենց գործընկերոջը: Տեսանյութում լսվում է ոստիկաններից մեկի ձայնը, որն ասում է. «Տղերք, հանգիստ, հանգիստ, մերն ա, հանգիստ»:[47] 

Հուլիսի 21-ի առավոտյան Նոր Նորքի ոստիկանական բաժնից Շտապ օգնության մեքենայով կիսագիտակից վիճակում տարել են Ահարոն Անտոնյան անունով քաղաքացու: Ականատեսի պնդմամբ վնասված էր նրա մեջքը: [48] [49]

Հուլիսի 21-ի առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որի համաձայն նախորդ օրվա դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:[50] Այս պահի դրությամբ ձերբակալված անձանց թիվն անցնում է մի քանի տասնյակը, սակայն կոնկրետ թիվ նշել հնարավոր չէ, քանի որ քննչական գործողությունները դեռևս ընթացքի մեջ են և չկա համապատասխան տեղեկություն:

2016թ.-ի հուլիսի 17-ից սկսված ոստիկանական այս բռնարարքները հանգեցրել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով նախատեսված խոշտանգումների արգելման (հոդված 3), անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի (հոդված 5), արտահայտվելու ազատության (հոդված 10) և խաղաղ հավաքների իրավունքի (հոդված 11) բազմաթիվ եւ զանգվածային խախտումների:

Այս խախտումների զոհերը փաստացի չունեն նաև իրենց իրավունքների իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց (ինչպես նախատեսված է կոնվենցիայի 13 հոդվածով), քանի որ դատարաններն ու վարչական մարմինները գտնվում են նույն քաղաքական կուսակցության՝ ՀՀԿվերահսկողության ներքո, որը և Հայաստանում իշխող կուսակցությունն է:

Այս նամակով դիմում ենք Ձեզ՝ Հայաստանում տիրող իրավիճակը Ձեր ւոշադրության կենտրոնում առնելու, Հայաստան վերը նշված խախտումներիհարցերով արտահերթ այց կազմակերպելու և/կամ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն անելու համար

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

 


[12]http://armtimes.com/hy/read/89859                        

Նախորդ հոդվածը‘ԵՄ. Էրդողանի ձեռնարկած միջոցառումներն անընդունելի են’
Հաջորդ հոդվածը‘Նիսի ահաբեկչությունը նախապատրաստվել է մի քանի ամիս’