‘Ոստիկանությունը մի քանի քաղաքացիների ազատ է արձակել’

820

Ոստիկանությունը բաց է թողել ավելի վաղ բերման ենթարկված մի քանի քաղաքացիների: Մասնավորապես, ազատ են արձակվել ակտիվիստներ Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Պետրոսյանը, Օլյա Ազատյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

Ավելի վաղ Շենգավիթի բաժանմունքից բաց են թողել ակտիվիստ Թեհմինե Ենոքյանին: Ազատ արձակվելուց հետո Ենոքյանը «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով տեղեկացրել է, որ բաժանմունքի պետը հայտնել է, որ նրան սխալմամբ են բերման ենթարկել:  Բաժանմունքի պետը ներողություն է խնդրել քաղաքացուց եւ վստահեցրել, որ «սխալմամբ» բերման ենթարկող ոստիկանը «մասնագիտական պարտքը ոչ լիարժեք կամ թերի կատարելու համար տույժի կենթարկվի»:

Թեհմինե Ենոքյանը նշում է նաեւ, որ մինչ այդ ոստիկանները պնդում էին, թե նա, իբր, ինքնակամ է բաժանմունք եկել, «այնինչ, զոռով մեքենա նստեցրին»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր առավոտվանից բերման է ենթարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ բողոքի ակցիաներ անցկացնող տասնյակից ավելի քաղաքացիների: Քաղաքացիները, մասնավորապես, պաստառներ են փակցրել Երեւանի մի շարք վայրերում, ինչպես նաեւ` սապոգ եւ ծաղկավոր խալաթ են կախել վերգետնյա անցումներից մեկի վրա:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Բողոքի ցո՞ւյց, թե՞ նոր հեղափոխություն’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի տեղեկություններով՝ ոչ մի ակտիվիստ չի ձերբակալվել’