‘Ոստիկանությունը «սաքուլիկենցից» վիրավորված լրագրողներին առաջարկում է դիմել վարչական դատարան’

1071

ՀՀ ոստիկանությունը համարում է, որ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ լրագրողների գործունեությունը չի խոչընդոտվել եւ առաջարկում է դեկտեմբերի 26-ին Ժողինստիտուտի ուսխորհրդի կազմակերպած «դիմադրությունից» վիրավորված լրագրողներին իրենց իրավունքները պաշտպանել քաղքացիական դատավարության միջոցով:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 26.12.2013 թ. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր:

Լրագրողը բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:30-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը: Այնտեղ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են իր և ներկա գտնվող այլ լրագրողների մասնագիտական գործունեությանը, ինչպես և իրենց հասցեին արել են վիրավորական բնույթի արտահայտություններ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանգամանքը չի հիմնավորվել, և նյութերը եզրակացությամբ կցվել են քարտուղարության կարգագրին:

Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություններ անելուն, ապա այդ դեպքում նրանց միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա` պաշտպանելով մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը երբևէ կաշկանդված չի եղել հակաիրավական արարք կատարած այս կամ այն անձին իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցում և իրականացրել է միմիայն արդարացի քննություն»։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ դահլիճից դուրս մի խումբ արական սեռի ուսանողներ խոչընդոտել են պաշտպանությանը մասնակցել ցանկացող լրագրողների աշխատանքը՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին և թույլ չտալով դահլիճ մտնել»: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը Թևան Պողոսյանին կոչ է արել վայր չդնել մանդատը’
Հաջորդ հոդվածը‘Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի պաշտոնական կայքը դեռ հայերեն տարբերակ չունի’