‘Ոստիկանություն. Լրագրողի վրա հարձակված կնոջ ձեռքին եղել են ոչ թե «ցուցակագրված» ընտրողների ցուցակներ, այլ որդու հիվանդության փաստաթղթերը’

1104

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրության օրը՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է` «հանցակազմի բացակայության հիմքով»: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից. քվեարկության օրը նրա մասնագիտական գործունեությունն էր խոչընդոտվել: Ի դեպ, նշենք, որ ոստիկանությունը չէր շտապում դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել ։

«Փաստինֆոյի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը քրեական գործի հարուցումը մերժել է մոտ մեկ շաբաթ առաջ՝ դեռևս դեկտեմբերի 13-ին:

Ըստ այդմ՝ հանգել է այն եզրահանգման, որ Ռ. Գրիգորյանի արարքում չկան ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներ: Այսինքն՝ չի խոչընդոտվել լրագրողի տեղեկություն տարածելը, նրան չի պարտադրվել հրաժարվել իր պարտականությունների կատարումից, նա շարունակել է իր աշխատանքը և տարածքից հեռացել է իր կամքով:

Ոստիկանության նախապատրաստված նյութերով, Ռուզաննա Գրիգորյանը չի իմացել, որ Իրինա Հովհաննիսյանը լրագրող է: Իսկ Ռ. Գրիգորյանի ձեռքում էլ, ըստ ոստիկանության եզրահանգման, եղել են ոչ թե «ցուցակագրված» ընտրողների ցուցակներ, այլ որդու հիվանդության փաստաթղթերը: 

Ավտոմեքենայով ընտրական տեղամաս են տեղափոխվել, ըստ նախապատրաստված նյութերի, անձինք, ովքեր ինքնուրույն, ֆիզիկապես դժվարանում էին դա անել: Ընտրողների տեղափոխմամբ, ըստ իրավապահների, չի խախտվել քվեարկության գաղտնիության և կամքի ազատ արտահայտման իրավունքները:

Նախորդ հոդվածը‘«Աշխարհի վերջի» մասին լուրերի պատճառով Չինաստանում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Բիշքեկում ձերբակալել են զենքի առևտրականների’