‘Որոտան-կասկադը $180 մլիլիոնով վաճառվեց ամերիկյան ընկերությանը’

1246

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը: 

«Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ և կարևորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը: «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Գարի Լիվսլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար: «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- նշել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը: Լիվսլիի խոսքով՝ այս գործարքը կարող է նպաստել նաև արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:

Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, կարևորելով այս գործարքը, նշել է, որ այն կնպաստի նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

«Քոնթուր գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ «Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ կայաններ։ Հայաստանյան Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ». Մարինե Պետրոսյան. Լավատես եմ, որովհետև գիտեմ հայաստանցու ուժը’
Հաջորդ հոդվածը‘Վ.Կարապետյան. ԱԳՆ հերթական ձախողումը’