‘Որպես վկա` հարցաքննվել է քաղաքաշինության նախկին նախարարը’

1023

Քաղաքաշինության նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Վարդանյանն այսօր կանչվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ որպես վկա: Այս մասին iLur.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Վարդանյանը գործում ներգրավվի որպես մեղադրյալ, Մալխասյանն ասաց, որ այս պահի դրությամբ նա գործով վկա է:

Նախկին նախարարը հարցաքննության է հրավիրվել Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև քաղաքաշինության ոլորտի չարաշահումներին՝ մասնավորապես անդրադառնալով Ազգային գրադարանի վերանորոգման հարցին, ինչի համար պետբյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ, մինչդեռ շինարարությունը  ավարտված չէ, իսկ հատկացված գումարն ավելի քան բավարար էր շենքը նորմալ վերանորոգելու համար:

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ. Մանկատներում և ծերանոցներում սնունդը ձեռք է բերվել շուկայականից 200% թանկ գնով’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Ինձ մի երկու օր մի զանգահարեք ‘