ՉԺՀ-ի դերը՝ որպես միջնորդ Ուկրաինայի հակամարտությունում, սահմանափակ է

184

Հակամարտություններում Չինաստանի ջանքերը՝ որպես միջնորդ, ոչ միշտ են արդյունավետ եղել, և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում նրա դերը կարող է սահմանափակ լինել, երեքշաբթի գրել է South China Morning Post թերթը՝ ներկայացնելով փորձագետների կարծիքները։

«Միջնորդությունը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցում առաջընթաց էր, որը ցույց տվեց, որ Չինաստանը ձգտում է այլընտրանք առաջարկել  այն աշխարհակարգին, որտեղ գերիշխում է ԱՄՆ-ը։ Բայց նման հաջողությունը, ըստ երևույթին, դժվար կլինի կրկնել, կարծում են վերլուծաբանները, քանի որ Չինաստանի՝ հակամարտություններում կենսունակ միջնորդի դեր խաղալու բազմամյա ջանքերը ոչ միշտ են հաջողվել, ինչն այնքան էլ հույս չի ներշնչում, որ դա կարող է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- գրում է պարբերականը։

ՉԺՀ-ի նախագահի վերջին այցը Ռուսաստան, նշում է թերթը, գնահատվեց որպես Չինաստանի հերթական փորձը՝ հանդես գալու որպես միջնորդ, սակայն երկու երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունում Ուկրաինայի վերաբերյալ չինական խաղաղության ծրագրի շրջանակներից դուրս՝ ոչ մի նոր մանրամասն չկար։

Պեկինի Ժողովրդական համալսարանի փորձագետի կարծիքով՝ Ուկրաինան և Եվրոպան մեծ հույսեր են կապում Ռուսաստանի վրա Չինաստանի ազդեցության հետ։ Սակայն Չինաստանը, նշել է փորձագետը, գործընթացի ուղղակի մասնակիցը չէ։ «Բայց զինադադարի կամ խաղաղության պայմանագրի դեպքում Չինաստանը երաշխավոր կլինի»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ ՉԺՀ-ն և ՄԱԿ ԱԽ մյուս մշտական անդամները որոշակի դեր կխաղան այդ գործընթացում։

«Չինաստանը չեզոք երկիր է, իսկ չեզոք լինել՝ նշանակում է, որ ձեր դերը շատ սահմանափակ է»,- կարծում է Սիչուանի համալսարանում միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Պան Ջունինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՁինպին․ ՉԺՀ-ն կաջակցի Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև երկխոսությանը
Հաջորդ հոդվածըԸստ Թրամփի՝ Ուկրաինան կարող է ոչնչանալ մեկուկես տարվա ընթացքում