‘Չինաստանը 55 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի սիրիահայությանը. Սփյուռքի նախարարությունում տեղյակ չեն’

853

Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանը հաստատել է սիրիահայերին հատկացվելիք 55 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությունը: Այս մասին բոլորովին վերջերս վարչապետի պաշտոնում նշանակված Լի Կեցյանը գրառել է թվիրթերի իր էջում: «Այսօր երեկոյան ես հաստատեցի Չինաստանից սիրիահայերին 55 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության հատկացումը»,- նշվում է գրառման մեջ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այդ մասին իրենք տեղյակ չեն, և պարզ չէ, թե ինչպես և ուր կուղվի Չինաստանի օգնությունը: Սփյուռքի նախարարությունից նաև հայտնել են, որ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև օգնության վերաբերյալ որևէ ձևաչափով պայմանավորվածության դեպքում, իրենք անպայման տեղյակ կլինեին:

Սիրիայում քաղաքացիական բախումների հետեւանքով Հայաստանում ապաստան է գտել 6500 սիրիահայ: Նրանցից 3000-ն ունի նյութական աջակցության կարիք: 2012 թվականին 4900-ից ավելի սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն: 591-ն էլ արդեն դիմել է քաղաքացիություն ստանալու համար: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում  է 70 հազարը, իսկ զոհված հայերի թիվը գերազանցում է հինգ տասնյակը: Ինչ վերաբերում է երկրից հեռացած սիրիացիների ընդհանուր թվին, ապա այն հարևան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը:

Նախորդ հոդվածը‘296 մլն դրամի գրավ կալանքի փոխարեն. Խաչիկյանի գործով հերթական նիստը’
Հաջորդ հոդվածը‘Սաշիկի տղան շարունակում է «ջիջիլ քցել» հանրությանը թանկարժեք նվերներով (ֆոտո)’