‘Պաշտոնական վարկածը կրկին նույնն է. Մարտական հերթապահության կանոնները խախտելը’

1842

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արմեն Օսիպյանի մահվան դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Համաձայն աղբյուրի, 14.02.2015թ.՝ ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Սերգեյի Օսիպյանը և մահացել։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է վերջին մի քանի օրվա ընթացքում, ինչ զինծառայողը՝ պաշտոնական վարկածով զոհվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու արդյունքում: Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության համաձայն, փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական գործի նյութերի համաձայն՝ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

Նախորդ հոդվածը‘«Նմանակման խաղ» ֆիլմը կբացի բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Էս շարժման պարտությունը Հայաստանի պարտությունն է լինելու’