‘Պաշտպանության նախարարի նորաթուխ խորհրդականը քննադատում է բանակը քննադատողներին’

1945

Քիչ առաջ արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշմամբ՝ Դավիթ Վրույրի Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:

Նշել էինք նաև, որ սույն անձնավորությունը չի ծառայել ՀՀ զինված ուժերում: Այս կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում մեր կայքի լրագրող Քրիստինե Խանումյանի հարցազրույցը Դավիթ Ջամալյանի հետ, որն արվել էր 2011 թ. նոյեմբերին և հրապարակվել է «ՉԻ» թերթում: Այս հարցազրույցից, որը վերնագրված էր «Մայր ու որդի գնացին խոպան` Ղարաբաղի բանակ. Բանակում չծառայածը քննադատում է բանակը քննադատողներին», պարզ է դառնում, թե հատկապես որ արժանինքերի համար է Ջամալյանը պաշտոն ստացել ՊՆ-ում:


Մինչ Երեւանում մարդիկ բողոքի ցույցեր են իրականացնում բանակում տեղի ունեցող մահվան ելքերով միջադեպերի դեմ, մինչ բանակում տեղի ունեցող մահվան ամեն մի դեպքը ցնցում է Երեւանը, մայր եւ որդի` հոգեբան Կարինե Նալչաջյանն ու ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը շաբաթ-կիրակի օրերին հանդիպումներ են անցկացրել ԼՂՀ ՊԲ սպաների հետ` քննադատելով բանակի խնդիրները բարձրաձայնողներին։

Վերջինիս մայրիկն էլ Ղարաբաղի սպաներին փորձել է բացատրել, թե «մոր քնքշանքից պատանիները հայտնվում են բոլորովին այլ միջավայրում եւ ձգտում են ինքնահաստատվել»։

«Եւ շատ հաճախ այդ ինքնահաստատման համար ընտրվում են ոչ ընդունելի ձեւեր` կողքինին ստորացնելը, նվաստացնելը, հրամաններ տալը, իրեն սպասարկել տալը։ Ցավոք, քաղաքացիական կյանքում ձեւավորված բարքերը մուտք են գործում նաեւ բանակ եւ էական ներգործություն ունենում զինվորի վարքագծի վրա»,- ասել է Նալչաջյանը։

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ բանակի ղեկավարությունը որոշել է այս մարդկանց միջոցով Ղարաբաղում հակափիար անել բանակում տեղի ունեցող միջադեպերի դեմ պայքարող մարդկանց դեմ, այս պատմության մեջ թերեւս արժե հիշատակել ընդամենը մի «աննշան» դետալ. ուղղակի հիշեցնենք, որ խոսքն այն ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի մասին է, ով ինքը` իր ուսումը շարունակելու պատրվակով, նույնիսկ բանակում չի էլ ծառայել։

Բանակում չծառայած եւ բանակի թերությունները բարձրաձայնողներին քննադատող ռազմական փորձագետի հետ մեր զրույցը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով։

— Պարոն Ջամալյան, ինչպե՞ս կբացատրեիք այն, որ ինքներդ բանակում ծառայած չլինելով` սպաների հետ խոսում եք այն մասին, թե ինչ իրավիճակ է տիրում բանակում։ Եթե 2 տարի` որպես շարքային զինվոր չեք ծառայել բանակում, որքանո՞վ եք տեղյակ բանակի իրական անցուդարձին։

— Իմ զինծառայություն չանցնելու խնդիրը օրինականության, օրենսդրության մեջ ա։

— Ես տեղյակ եմ, պարոն Ջամալյան, որ դուք ուսում եք առել եւ այդ պատճառով չեք ծառայել, կխնդրեի հարցիս պատասխանել բարոյական հարթության մեջ։

— Ես այդ օրենսդրական հարթության մեջ խնդիր չեմ տեսնում, տեսեք, ես 10 տարի շարունակ բանակում եղել եմ ոչ թե տուրիստի կարգավիճակում, ոչ թե ստուգողի կարգավիճակում, այլ եղել եմ ամենատարբեր ծրագրեր իրականացնողի կարգավիճակում։

— Պարոն Ջամալյան, ՀՀ օրենսդրությամբ, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները ենթակա են պարտադիր 2-ամյա զինապարտության, ոչ թե տարբեր ծրագրեր իրականացնելուն։ Պարտադիր զինծառայությունն այլ բան է, գործի բերումով բանակում հայտնվելը` այլ բան։ Դուք ձեր այդ այցելությունները ծառայություն ե՞ք համարում։

— Դուք չեք գտնի մի հարցազրույց կամ ելույթ, որտեղ հանկարծ ինձ համեմատելու լինեմ զինվորի հետ, որը պարտադիր զինծառայություն է անցել, կամ սպայի հետ, ով մասնագիտական աշխատանք է տանում։ Փառք ու պատիվ մեր բանակի էդ տղերքին, էսօրվա մեր երկրի ամենակարեւոր մարդը հայ զինվորն է։ Իսկ էն, ինչ ես եմ արել, արել եմ իմ աշխատանքի, մասնագիտության բերումով, եւ չեմ համեմատել դա զինվորի արածի հետ։ Փառք ու պատիվ, նորից եմ կրկնում։ Ամեն մեկն իր գործն է անում։

— Պարոն Ջամալյան, իրենք արել են, որովհետեւ դա օրենքով պարտադիր ծառայություն է, աշխատանք չէ։ 

— Այո, պարտադիր է, օրենքով պարտադրվում է, բայց գնացել են պարտքը հատուցել են, փառք ու պատիվ իրենց։ Իսկ ես իմ մասնագիտությունս ինքս եմ ընտրել, ոչ ոք ինձ չի պարտադրել բանակի հետ համագործակցել։ Ես ուղղակի ընտրել եմ բանակը, այդ ոլորտը եւ ինքս եմ ընտրել մասնագիտությունս։ Ինձ համար զորամաս գնալը` դա կլինի տարվա մեջ քանի անգամ, տեխնիկական հարցերն են, բայց դա իմ կենսակերպի անընդմեջ մի մասն է։

— Պարոն Ջամալյան, երեւի հարցս եք սխալ ընկալել, ես ուղղակի ուզում եմ հասկանալ` ինչպե՞ս կարող է ռազմական փորձագետը հասկանալ, թե ինչ հոգեբանական վիճակում է գտնվում զինվորը, եթե ինքը այդ երկու տարին` ավտոմատը ձեռքին խրամատում չի եղել։

— Ասելիքս պարզ է, ես բանակում եղել եմ, եղել եմ աշխատողի, ծրագիր իրականացնողի, ՊՆ-ի հետ համագործակցողի դերում, եղել եմ անընդմեջ։

— Բայց դուք զինվոր չեք եղել։

— Ես էլի ասում եմ` այդ բացը ես լրացրել եմ անընդմեջ, անընդհատ լինելով բանակում։

— Դուք համարում եք, որ բացը լրացրե՞լ եք։

— Ես գտնում եմ, որ այն երկու տարին, հա՞, որ ես չեմ ծառայել, իմ տաս տարվա աշխատանքով ես կարողացել եմ իմ մասնագիտական բացը լրացնել։ Բայց միեւնույն ժամանակ գլուխ եմ խոնարհում բոլոր ծառայած զինվորների առջեւ եւ չեմ համեմատում իմ արածը եւ նրանց արածը։ Արցախի ՊԲ-ում ինձ ընդունում են որպես յուրային, եւ վստահ եղեք, որ ամեն ոք դրան չէր կարող հասնել տուրիստի կարգավիճակում։

— Պարոն Ջամալյան, հարցս այլ է, դուք համարում եք, որ դուք բարոյական իրավունք ունե՞ք Ղարաբաղում սպաների մոտ քննադատել այն մարդկանց, ովքեր բարձրաձայնում են բանակի խնդիրները։

— Ես այդ սպաների հետ աշխատել եմ, եւ եթե այդ սպաների մոտ իմ խոսքը չընկալվեր, այդ մարդիկ ինձ կմոտենային եւ ինչ-որ բան կասեին։ Այդ մարդիկ ինձ ճանաչելու խնդիր չունեն։ Ես իմ բացը լրացրել եմ։

— Պարոն Ջամալյան, կրկնում եմ հարցս` իրավունք ունի՞ 2 տարի ավտոմատ չբռնած մարդը գնա Ղարաբաղ եւ բանակի սպաների մոտ խոսի այն մարդկանց մասին, վատաբանի նրանց, ովքեր բարձրաձայնում են բանակի խնդիրները։ Ովքեր ընդամենը ասում են, որ չի կարելի զինվորին հասցնել այնպիսի վիճակի, որ նա ինքնասպան լինի, որ չի կարելի զինվորին ծեծելով հասցնել սպանության։ Քանի որ դուք չեք ծառայել, գուցե ձեզ համար դա դժվա՞ր է ընկալել։

— Ովքեր ծեծելով սպանել են, կամ հասցրել են այդ վիճակին, նրանք ստահակներ են եւ պետք է պատժվեն։ Իսկ թե ունե՞մ այդ բարոյական իրավունքը, թե՞ ոչ, հստակ պատասխանում եմ` իմ տարիների աշխատանքը դա ինձ թույլ է տալիս ասել։ Բանակի անձնակազմը ինձ շատ լավ ճանաչում է, նրանց համար ես յուրային մարդ եմ, իմ խոսքը նրանց համար վստահելի խոսք է։ Էլի եմ կրկնում` փառք ու պատիվ ավտոմատը 2 տարի ձեռքը բռնած զինվորին։

— Այսինքն, դուք համարում եք, որ դուք բանակին ավելի շա՞տ օգուտ եք տալիս, քան նրանք, ովքեր բարձրաձայնում են բանակի թերությունները։

— Դուք շատ լավ հասկանում եք` ես ինչ եմ ասում, եւ ինչպես պատկերացնում եք, այնպես էլ գրեք։

Նախորդ հոդվածը‘Բանակում չծառայած անձնավորությունը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական’
Հաջորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովը քննում է Տարոն Մարգարյանի հարցը’