‘Պատգամավոր Սելեզնյովն անհանգստացած է որդու կյանքի համար’

963

ԱՄՆ-ում համակարգչահենության կասկածանքով ձերբակալված Ռոման Սելեզնյովի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, և նրան դեղամիջոցներ չեն տրամադրում, իսկ առանց դրանց՝ նրա կյանքին վտանգ է սպառնում, այսօր Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ձերբակալվածի հայրը՝ պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովը: Նրա խոսքով՝ Գուամ կղզու կալանավայրում բուժծառայություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի:

«Նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որպեսզի նա հաստատի իր ինքնությունը:  Նրան առաջարկում են, որ հաստատի, թե ինքն այն նույն Ռոման Սելեզնյովն է, որին ամերիկյան արդարադատությունը հանցանք է վերագրում, և այդ դեպքում նրան արագ կտեղափոխեն Սիեթլ նահանգ, որտեղ էլ բուժօգնություն կտրամադրեն»,- ասել է պատգամավորը: Այն հարցին, թե ինչ կլինի, եթե Ռոմանին դեղամիջոցներ չտրամադրվեն, հայրն ասել է. «Նա կմահանա: Եվ կմահանա բավական արագ: Չեմ ուզում ծավալվել, թե դրանք ինչ դեղեր են, բայց դրանք գանգուղեղային վնասվածքների համար են: Ռոմանը երկար ժամանակ կոմայի մեջ է եղել, և եթե նա ամեն օր դեղ չընդունի, ամենաշատը հինգ օրից կլինի այն, ինչ ասացի»:

Ռոման Սելեզնյովը ձերբակալվել է Մալդիվներում, ԱՄՆ-ի ներկայացրած մեղադրանքներով, և տեղափոխվել է Գուամ կղզի: Ամերիկացի քննիչների վարկածով՝ նա 2009-2011 թթ. առևանգել է ամերիկյան խանութների 200 հազար հաճախորդների ապառիկային քարտերի գաղտնաբառերը, ապա դրանք վաճառել համացանցում: Նրա շահույթը գնահատվում է մոտավորապես երկու միլիոն դոլար, իսկ խանութներին հասցված վնասը՝ մեկ միլիոնից քիչ ավելի: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցիների երկու երրորդը հավատում է միջուկային պատերազմի հավանականությանը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն Մոնղոլիային կվերադարձնի 18 դինոզավրերի կմախքները ‘