‘Պարզեցված, խորը եւ համապարփակ հեքիաթ Բալաբեկի, երկընտրանքի, Վանյայի ու Ջորջի մասին’

1982

Լինում է- չի լինում՝ մի մարդ է լինում` Բալաբեկ անունով: Սա զոռով ամուսնացած է լինում մի այրու հետ, որն ուրիշին էր սիրելիս եղել, բայց Բալաբեկը զենքով այրուն կնության էր առել: Էս Բալաբեկն իրականում այրուն էնքան էլ չէր սիրում, իսկ այրու երեխաներից էլ զզվում էր, բայց ստիպված պահում էր նաեւ նրանց, թեեւ ամեն ինչ անում էր, այնպիսի պայմաններ էր ստեղծում, որ սրանք տնից փախչեն: Բալաբեկը պարբերաբար ծեծում էր այրուն ու նրա զավակներին, այրու` իր անունով գրանցած հարստությունից նրանց բաժին գրեթե չէր տալիս, ու այսպես էլ ապրում էին:

Էս Բալաբեկը մի հարեւան է ունենում` Ջորջ անունով: Սա ակնոցավոր ու սպիտակ մազերով միջին տարիքի մի տղամարդ էր, ուներ մեծ ընտանիք, սիրուն, բարեկարգ տուն` կանաչ, հավասար կտրած խոտածածկույթով, երեխաները կիրթ ու բարեհամբույր էին հիմնականում, միշտ ուրախ ու զվարթ էին թվում, երբեմն` նույնիսկ անհոգ, ոչ շորի խնդիր էին ունենում, ոչ էլ` ուտելիքի: Լսում էին Բեթհովեն եւ առավոտյան մարգագետնում կազմակերպված նախաճաշին համտեսում կրուասաններ:

Բալաբեկի երեխաները մեկ-մեկ գնում էին հյուր Ջորջենց տուն, մեկ-մեկ գիշերում էին այնտեղ: Բալաբեկի կինն էր մեկ-մեկ գալիս նրանց տուն տանելու, նայում էր կանաչ գազոններին ու զմայլվում: Ու գալիս էին տուն ու էդ հրաշքների մասին պատմում, բա` էսպես-էսպես, դա մի հրաշք է…

Բալաբեկի մյուս կողմի հարեւանը Վանյան է լինում: Սլավոնական արտաքինով մի մուժիկ, ուժեղ, հարուստ ու երբեմն՝ հարբեցող: Ընտանիքն աղքատ չէր ապրում, բայց՝ Վանյայի ահից սսկված, որովհետեւ Վանյան պարբերաբար ծեծում էր կնոջն ու երեխաներին, մեկ- մեկ` նույնիսկ հարեւանի կանանց ու երեխաներին, սիրուհիներ էր պահում, հայհոյում էր նրանց, ովքեր իրեն դուր չէին գալիս: Բայց Վանյան ուժեղ էր, ամրակազմ, ուստի, թեեւ նրան շատերը չէին սիրում, բայց  ջանում էին հետը հնարավորինս լավ հարաբերություններ պահել:

Մի օր Վանյան ու Ջորջը` առանձին-առանձին, գալիս են էս մեր Բալաբեկի մոտ, թե՝ եղբայր, արի համատեղ բիզնես անենք: Ջորջը սրան ասում է` ճիշտ ա, դու քո կնոջն ու երեխեքին ծեծում ես, էդ կնոջ հետ հակառակ իր կամքի ես ամուսնացել, մեկ-մեկ էլ գիշերները որ շատ ես ծեծում, կինդ զանգում է  իմ կնոջը, օգնություն է խնդրում, ես էլ ստիպված եմ լինում գիշերվա հազարին զանգել քեզ, խնդրել, որ գոնե էնպես ծեծես, որ ես իմ տնից էդ ձենը չլսեմ, ու քունս չխանգարվի: Բայց ոչինչ, ես կնոջս կասեմ, համատեղ բիզնես սկսելուց հետո` էլ քո կնոջ զանգերին ուշադրություն չդարձնի:

Վանյան էլ, ինչպես միշտ, գալիս, ասում է` փոքր ախպեր ջան, հիշում ես, չէ՞, որ դպրոցում հենց մեկը քեզ ծեծում էր, կանչում էիր` Վանյա՜, հասիր, դե հիմա եկել է հատուցման ժամանակը:  

Էս Բալաբեկն էսպես համ Վանյային է ահից ասում` հա, համ էլ` Ջորջին:

Բայց բանն այն է, որ Բալաբեկը չէր կարող միաժամանակ երկուսի հետ համատեղ բիզնես անել, քանի որ Ջորջի ուզածը Վանյայի դեմ բիզնես դնելն ու նրան սնանկացնելն ու բիզնես դաշտից դուրս հանելն էր, Վանյային էլ` նույնը՝ Ջորջի դեմ:

Երբ որ արդեն գալիս է երկուսի հետ էլ պայմանագիր ստորագրելու ժամանակը, Բալաբեկն ընկնում է կրակը: Վանյան մի կողմից է նեղում, Ջորջը` մյուս:

Բալաբեկն էլ, որ իրենց գյուղի միջնակարգն էր հազիվ ավարտել ու կարծում էր, թե շուստրիությամբ կխաբի համ Ջորջին, համ Վանյային, վերջին պահին հասկանում է, որ եթե ինքը Վանյային խաբի, սա իրեն կարող է վնասել:

Իսկ եթե Ջորջին խաբի, սա գուցե սկզբում ձեն չի հանի, բայց տակից մի վնաս էլ սա կտա:

Ու երբ Բալաբեկը վերջին պահին գլխի է ընկնում, գալիս է` ձեւական իր տան անդամներին ասում է, բա գիտեք` էսպես-էսպես, հիմա մենք երկընտրանքի առաջ ենք կանգնած` կա՛մ Վանյա, կա՛մ Ջորջ:

Ու որքան էլ տարօրինակ է, էս այրու երեխաներից մի քանիսը, որ ամենափոքրներն էին, ոգեւորվում են, ասում են` ճիշտ ա, Բալաբեկը մեր հայրը չի, մեզ ծեծում ու ջարդում ա, բայց եթե Բալաբեկը բիզնես սկսի Ջորջի հետ, կբարիանա, ինքն էլ կդառնա Ջորջի նման, էլ մեզ չի ծեծի, ամեն առավոտ հետներս խոտերի վրա նախաճաշ կանի, միասին Բեթհովեն կլսենք: Եթե Բալաբեկը բիզնես անի Վանյայի հետ, ապա մեզ ավելի շատ կծեծի, պետք է  ամեն ինչ անել, որ Բալաբեկը Ջորջի հետ բիզնես սկսի: Այրու երեխաներից մի քանիսն էլ, որ մեծ էին վաղուց, ասում են` չէ, ի՞նչ եք ասում, մենակ` Վանյա: Այրին էլ նայում էր իր զավակների միամտությանը, թե` երեխեք ջան, ախր որ ձեր խորթ հերը բիզնես դնի Ջորջի հետ, էդ ո՞նց դրանից պիտի հետեւի, որ մենք էլ Բեթհովեն լսողներ կդառնանք: Ջորջի տան նիստուկացը էդ բիզնեսի հետ կապ չունի: Որպեսզի մենք էլ իրենց պես ապրենք, ու Բալաբեկը մեզ չծեծի, մենք նախ պետք է Բալաբեկին մեր տնից վռնդելու մի ձեւ գտնենք, հետո կարդանք էդ երկու բիզնես առաջարկները, ծանր ու թեթեւ անենք, ու նոր որոշենք: Բայց փոքր երեխաները չէին հանդարտվում` չէ ու չէ, ասում էին, կապ չունի՝ պայմանագրում ինչ է գրած: Որ Բալաբեկը սկսի Ջորջի հետ ընկերություն անել, ինքն էլ Ջորջ կդառնա, իսկ թե Վանյայի` Վանյա: Այրին նայում է էս երեխեքին ու մտածում, ախր՝  որ ամուսնացած էի իմ սիրելի ամուսին Արմենի հետ, ախր ես իրեն ոչ մեկի հետ չեմ դավաճանել, Բալաբեկին էլ համարյա չէի ճանաչում, որովհետեւ մեր նախրապանն էր, ու երբեք հանդիպելու առիթ չենք ունեցել, բա էս ո՞նց եղավ, որ ես էսքան փոքրիկ Բալաբեկներ ունեցա: Մտածում էր այրին, ու փոքր երեխաներին չէր ասում, թե մտքին դրել է, որ չէ, էս անգամ, ոնց էլ լինի, Բալաբեկին տնից վռնդելու է, բայց  Ջորջի կնոջը չի զանգելու ու օգնություն խնդրի, ինքն է անելու դա, գիշերվա քողի տակ: Որովհետեւ հասկանում էր, որ եթե Բալաբեկը մի քիչ էլ մնաց, իր ընտանիքի նախկին բարեկամ Վանյան, որ հիմա իրենց անվստահությամբ է նայում, երեխեքին կվնասի, իսկ Ջորջն էլ, ինչպես միշտ, փուռը կտա նրանց, ու արդյունքում` Բալաբեկի քյանդրբազության պատճառով իրենք են մնալու կոտրած տաշտակի առաջ: Մտածեց այրին, ձեռքն առավ գրտնակը, մտավ ննջասենյակ ու գոռաց Բալաբեկի վրա. «Բալաբեկ, եկել ես սատանի մայլում քյանդրբազություն ես անո՞ւմ, այ հիմա երկընտրանքը դու կտեսնես…»:

Հ.Գ. Իսկ այդ ժամանակ սարի գագաթին նստած վագրը նայում էր Բալաբեկի տանը կատարվող իրադարձություններին ու ժպտում:

Քրիստինե Խանումյան

  

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել 73-ամյա հանցագործը’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ` Երևան-Երասխ ավտոճանապարհին’