‘Պարտադիր կուտակային՝ պետծառայողների համար’

1422

ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի արտահերթ նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Այն վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը:

Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով:

Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 15-ին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, համաձայն որոնց` 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):

Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:

Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում նշել է, որ հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձն է բարձրացվելու: Այս իրողությունը նաև նպատակային սոցիալական վճար սահմանելու հիմք է: «Կառավարության կողմից շատ համարձակ քայլ է հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացմանը 38 մլրդ դրամ հատկացնելը», — շեշտել է վարչապետը:

Panarmenian.net-ը հիշեցնում է, որ հունիսի 18-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ սահմանված կարգով կներկայացվեն օրենքների նախագծերը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը:

«Փաստորեն՝ կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին: Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, և դրա շրջանակներում, կարծում եմ, նաև հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը»,- ասել է նախարարը:

Դիտարկմանը, թե սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, այդ գումարները ստիպողաբար մարդկանց գրպանից գնալու են, սոցապ նախարարը պատասխանել է. «Ոչ, դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»:

Ասատրյանը նշել է, որ պետական աշխատողները չեն կարող հրաժարվել «նպատակային սոցիալական վճար»-ի վերափոխված պարտադիր վճարումներից, գրում է Panorama.am-ը:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական քառյակի երեք ուժերը արդեն իսկ դեմ են արտահայտվել նոր նախագծին, չորրորդ ուժը՝ ԲՀԿ-ն իր տեսակետը կներկայացնի այսօր: 

Նախորդ հոդվածը‘Հալեպի հայկական թաղամասը կրկին հրթիռակոծվել է, կա զոհ’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1, ընտրակեղծիքներ, քաղբանտարկյալների հարց. Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը համազեկուցողների հետ ‘