‘Պետականության և տեսլականի «հարատև կռիվը»’

7382

Ինչպես և սպասվում էր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատառումները բուռն արձագանք առաջացրեցին Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում: Բնականաբար՝ առաջինն ասպարեզ նետվեցին դաշնակցականները, որովհետև սա «հին կռիվ է», և բանավեճի թեման էլ շատ ավելի սկզբունքային է և առանձնապես կապ չունի կոնկրետ այդ «համահայկական հռչակագրի» հետ: Սա այն բանավեճն է, որը շարունակվում է արդեն առնվազն 25 տարի, և որը պայմանականորեն կարելի է անվանել պայքար «իրատեսների» և «ռոմանտիկների» միջև, թեև բանավեճի թեման իրականում շատ ավելի կոնկրետ է՝ Հայաստանն ի վերջո պետությո՞ւն է, թե՞ ընդամենը աշխարհասփյուռ հայության մի մասնիկը, որն ինչ-ինչ հանգամանքների բերումով այս պահին պետականություն ունի, բայց  չպետք է շատ լուրջ ընդունի դա և շարունակի առաջնային համարել համայն հայության շահը:
Խնդիրը շատ հստակ է դրված: Կողմերից մեկը պնդում է, որ եթե Հայաստանը լուրջ է ընդունում անկախ պետության իր կարգավիճակը՝ պարտավոր է արտաքին աշխարհի հետ հարաբերվել որպես պետություն, այսինքն՝ գործել բացառապես միջազգային օրենքների շրջանակներում և ճշգրիտ հաշվարկելով սեփական ռեսուրսներն ու հնարավորությունները՝ փորձել առաջ մղել պետական շահերը, որովհետև հակառակ դեպքում ոչ միայն անլուրջ տպավորություն ենք թողնում արտաքին աշխարհի վրա, այլև վտանգում ենք մեր պետականությունը: Մյուս կողմն էլ համարում է, որ դա պարտվողականություն է, դա նշանակում է «դավաճանել ազգային շահերին», «վիզ ծռել թուրքերի առաջ» և այլն, և գտնում է, որ պետության արտաքին քաղաքականության հիմքում պետք է դնել «պատմական արդարությունը», Սևրի դաշնագիրը, «Վիլսոնի քարտեզը» և այլն, որովհետև այդպիսին է համարել համայն հայության միասնական կամքը:
Համայն հայությունը միասնական կամք, իհարկե, ունի: Բայց՝ ոչ թե կամքի ուժի, այլ կամենալու իմաստով, որովհետև իսկապես էլ բոլորը կցանկանային տեսնել ծովից ծով Հայաստան ու ծնկաչոք ներողություն խնդրող Թուրքիա: Ամբողջ խնդիրն այն է սակայն, թե որքանո՞վ են պատրաստ ամեն գնով այդ տեսլականին հասնել, ասենք, Նոր Զելանդիայի հայ համայնքն ու Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները: Հարցը հենց այդպես էլ դրված է՝ աշխարհասփյուռ հայության այդ երկու հատվածներից որի՞ շահերն են ավելի կարևոր: Տեսեք՝ մի քանի տարի առաջ Սերծ Սարգսյանն ինչ-որ առիթով հայտարարեց, թե Հայաստանը Սփյուռքի հետ մի′ պետություն է, առանց Սփյուռքի՝ բոլորովին այլ պետություն: Մի զարմացեք, մեկ-մեկ նա էլ է ճիշտ բաներ ասում: Բայց պետք է հասկանալ, որ այդ նախադասության մեջ առանցքային բառը «պետությունն» է, այսինքն՝ Հայաստանն ամեն դեպքում առաջին հերթին պետություն է: Իսկ սա նշանակում է, որ եթե Հայաստանն ու Սփյուռքը պիտի միասնական լինեն (ինչի մասին բոլորն են խոսում և ճիշտ են անում), պիտի միասնական լինեն Հայաստանի պետական շահերի հարցում: Կոպիտ ասած՝ եթե Հայաստանի պետական շահը պահանջում է, ասենք, հարձակվել Ադրբեջանի վրա և գրավել Բաքուն, Սփյուռքը պիտի Քուռ գետն անցնելու համար նավակներ ուղարկի ու ամեն ինչ անի, որ միջազգային ատյաններում Հայաստանն ագրեսոր չճանաչվի, իսկ եթե մեր պետական շահը պահանջում է, ասենք, կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, նույն այդ Սփյուռքը պիտի Հայաստանին օգնի այդ հարցում; Իսկ հիմա հակառակն է ստացվում՝ Հայաստանն ու Սփյուռքը միավորում են մի հարցում, որը Սփյուռքի օրակարգում է, բայց ուղղակի հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության պետական շահերի հետ: Այսինքն՝ պետականությունը երկրորդ պլան է մղվել, պետության ղեկավարներն էլ իրենց պահում են շարքային համայնքների ղեկավարների պես. Գլենդեյլի համայնք, Բեյրութի համայնք, Հայաստանի համայնք, Ավստրալիայի համայնք… Ու տեսեք, թե ի՞նչ հարմար է այս մտածողությունը. «մտահոգվելու բան չկա, ի՞նչ եք խառնվել իրար, Սիրիայի համայնքը կփոքրանա՝ Ֆրանսիայի համայնքը կմեծանա, Հայաստանի համայնքը կփոքրանա՝ Ռուսաստանի համայնքը մեծանա»:
Իսկ ինչ-որ մարդիկ չեն ուզում համակերպվել այս մտայնության հետ ու համառորեն փորձում են «սեպ խրել Հայաստանի ու Սփյուռքի միջև»: Մի՞թե կարելի է այդքան համառ լինել ու շարունակել պնդել, որ Հայաստանն այնուամենայնիվ պետություն է և պիտի առաջնորդվի բացառապես իր պետական շահերով:

Մարկ Նշանյան 

«Չորրորդ Իշխանություն»

Նախորդ հոդվածը‘ «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտները նվազել են 12,2%-ով’
Հաջորդ հոդվածը‘Հայազգի մարզիչը գլխավորեց Հունաստանի հավաքականը’