‘Պոռոշենկոն ԱՄՆ-ից զենք է խնդրել, այլ ոչ թե ծածկոցներ’

1168

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ընդունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյին: Հանդիպումից հետո Օբաման հայտարարել է իրենց երկրների «ամուր բարեկամության» մասին, սակայն հրաժարվել է ողջ ծավալով բավարարել ուկրաինական կողմի՝ ռազմական օգնության մասին խնդրանքը:

ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի ռազմական սարքավորումներ, բայց ոչ զենք:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր Ուկրաինային 46 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին, այդ թվում՝ հրետանային կրակի նախազգուշացման ռադարային սարքեր: ԱՄՆ-ը կտրամադրի նաև պարեկային ավտոմեքենաներ և նավակներ, զրահաբաճկոններ և շինարարական ծանր տեխնիկա, ինչպես նաև՝ երկրի արևելքում ռազմական գործողությունների հետևանքով տուժածներին  օգնություն ցուցաբերող մարդասիրական կազմակերպություններին կհատկացնի 7 մլն դոլար:

Օբամայի հետ հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում, որտեղ հայտարարել է թե Ուկրաինային անհրաժեշտ են ինչպես հանդերձանք և սարքավորումներ, այնպես էլ զենք: «Ծածկոցները, ակնոցներն, իհարկե, շատ կարևոր են, բայց մենք չենք կարող հաղթել միայն ծածկոցներով»,- հայտարարել է Պոռոշենկոն:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը կալանք է դրել Վրաստանում Սաակաշվիլիի ունեցվածքի վրա’
Հաջորդ հոդվածը‘Քևին Սփեյսիի «շունչը» վաճառքի է հանվել’