‘Պուտինը թույլ է տալիս հայհոյանք օգտագործել գրականության մեջ’

1202

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն անցյալ տարվա գարնանը արգելել էր անցենզուր բառապաշար օգտագործել կինոյում և հեռուստատեսությունում, թույլատրել է հայհոյանքներ օգտագործել գրականության մեջ: Պետության ղեկավարը նախկինում էլ հատուկ ուշադրության է արժանացրել արվեստի այդ տեսակը՝ հայտարարելով, որ կուզենա թոշակի անցնելուց հետո զբաղվել գրականությամբ:

Հանդես գալով ՌԴ-ում Գրականության տարվա բացման հանդիսավոր արարողությանը՝ Պուտինը ընդունել է, որ կարծիք կա, թե արտահայտչականությունն ավելացնելու համար անհրաժեշտ է օգտագործել նաև անպատշաճ բառապաշար, սակայն նաև հիշեցրել է, որ Տոլստոյը, Չեխովը կամ Բունինը դրա կարիքը չեն ունեցել: «Դուք՝ գրողներդ, ավելի լավ կիմանաք: Գուցե ժողովրդին ավելի մոտ լինելու համար կարելի է թույլ տալ: Սակայն, իմ կարծիքով՝ ո՛չ օրենքի շրջանակներում, օրենքի շրջանակներում պետք չէ»,- ըստ ТАСС-ի՝ հայտարարել է պետության ղեկավարը:

2014 թ. ապրիլին Պուտինը լրացումներ էր կատարել «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում, որոնց համաձայն՝ ԶԼՄ-ներում անպատշաճ բառապաշար օգտագործելու դեպքում տուգանքներ են սահմանվում: Լրացումներն արգելում են հայհոյանք օգտագործել կինոյում, ռադիոյում, հեռուստատեսությունում և արվեստի ստեղծագործությունների հրապարակային ներկայացման ժամանակ:

Լրացումների համաձայն՝ զանգվածային լրատվամիջոցներոմ հայհոյանք օգտագործելու դեպքում  քաղաքացիների համար սահմանվել է տուգանք՝ երկուսից երեք հազար ռուբլու չափով, իրավախախտման առարկայի բռնագրավմամբ, պաշտոնատար անձանց համար՝ հինգից մինչև 20 հազար ռուբլի՝ բռնագրավմամբ, իրավաբանական անձանց համար՝ 20 հազարից մինչև 200 հազար ռուբլի՝ բռնագրավմամբ: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Կիևյան կամրջից ցած նետված աղջիկը կենդանի է մնացել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում մտադիր են ստեղծել «ինտերնետ-բանակ»’