‘Պռոշյանում առաջադրվել է հինգ թեկնածու’

1302

Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքներում գյուղապետի հուլիսի 14-ին կայանալիք արտահերթ ընտրություններին սահմանված ժամկետում առաջադրվել են համապատասխանաբար հինգ և երկու թեկնածուներ:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 23-ից մինչև հունիսի 25-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պռոշյանի գյուղապետի ընտրություններին ինքնաառաջադրվել են Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցականներ՝ «ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյան, «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ տնօրեն Ցոլակ Գրիգորյանն ու Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը:

Ի դեպ՝ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանն առաջադրվածներից միակն է, ով մասնակցել է գյուղապետի 2012թ.-ի սեպտեմբերի 23-ի ընտրություններին և եղել է նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցը:

Հովիտ համայնքում առաջադրված են ՀՀԿ անդամ Ավետիք Սերոպյանը և անկուսակցական, գյուղի անասնաբույժ Ռազմիկ Հակոբյանը: Ա. Սերոպյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, իսկ Ռ.Հակոբյանն ինքնաառաջադրվել է:

Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է հրազենից ապրիլի 2-ին՝ գյուղապետարանի դիմաց, իսկ Հովիտի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին հանկարծամահ է եղել:

Նախորդ հոդվածը‘Գերմանիա և Թուրքիա՝ դիվանագիտական սկանդալ’
Հաջորդ հոդվածը‘Գյուղացիները փակել են ճանապարհը. Մթերողները գցում են ծիրանի գինը’