‘Ջակարտայում որոտացած պայթյունների զոհ է դարձել առնվազն վեց մարդ’

1222

Առնվազն վեց մարդ է զոհվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում որոտացած մի շարք պայթյունների հետևանքով, հաղորդել է տեղի ոստիկանությունը: Հաղորդման մեջ ասվում է, որ քաղաքի կենտրոնական փողոցում՝ ոստիկանական պահակակետի մոտ, վեց պայթյուն է տեղի ունեցել: Մեկուկես ժամ անց տեղեկություններ են ստացվել նոր պայթյունների մասին:

Ոստիկանության ներկայացուցիչը France-Presse գործակալությանը հայտնել է, որ զոհվել են  առնվազն երեք քաղաքացիական անձինք և մի ոստիկան: Ոստիկանությունը նաև հաղորդել է, որ հարձակմանը մասնակցել է առնվազն 14 գրոհային:

Associated Press-ի տեղեկություններով՝ երեք մահապարտներ իրենց պայթեցրել են քաղաքի կենտրոնում գտնվող Starbucks սրճարանում, ևս երկու զինված անձինք հարձակվել են նույն շրջանում գտնվող ոստիկանական պահակակետի վրա, ինչի արդյունքում մեկ ոստիկան զոհվել է: Գրոհողներին հաջողվել է փախչել:

Ինդոնեզական TVOne հեռուստատեսությունը հաղորդել է, որ ևս երեք պայթյուն որոտացել է Թուրքիայի և Պակիստանի դեսպանատների մոտ, զոհերի և վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն այս հարձակումները որակել է որպես «ահաբեկչության գրոհներ»: Հարձակումների պատասխանատվությունն առայժմ ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ավստրալիան մերժել է ԻՊ-ի դեմ պայքարում իր օգնությունն ընդլայնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայցը’
Հաջորդ հոդվածը‘Դանիան փորձում է մեղմել ներգաղթյալների հոսքը երկիր’