‘Ջհանգիրյան. Արդարադատության խորհուրդը ամենամեծ գուրզն է դատարանների անկախության գլխին (տեսանյութ)’

2042

Ազգային ժողովում Կառավարության ներկայացրած` «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ, դրական տարրեր պարունակելով հանդերձ՝ օրինագիծը թերի է, քանի որ արմատական փոփոխություններ չի նախատեսում:  

«Սա դատա-իրավական բարեփոխումների շրջանակում ներկայացված օրինագիծ է, որը պետք է ուղղված լինի դատարանների անկախությանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Սակայն հարկ է փաստել, որ այս փոփոխությունները արմատական հեղաշրջում չեն անելու, թեեւ դրական տարրեր պարունակում են», — նշեց պատգամավորը:

Ըստ Ջհանգիրյանի՝ դրական տարրերից է, մասնավորապես, Վճռաբեկ բողոք ընդունելու չափորոշիչների հստակեցումը:

«Անգամ ՄԻԵԴ-ը նշում է, որ Վճռաբեկ դատարանը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառույց չէ: Նա ընդամենը միջանկյալ օղակ է` բողոքը ՄԻԵԴ հասցնելու համար», — նշեց նա:

Ծանոթանալով կառավարության ներկայացրած օրինագծին՝ պատգամավորը այն տպավորությունն է ստացել, որ «կառավարությունը չի սիրում Սահմանադրությունը, փորձում է շրջանցել, խուճուճ ձեւակերպումներ անել»:

Մասնավորապես, Ջհանգիրյանի խոսքով՝ անընդունելի է տարին մեկ անգամ դատարանների նախագահներին ազատելու եւ կրկին նշանակելու դրույթը, որը, ըստ պատգամավորի, նվազեցնում է դատարանների անկախությունը եւ ավելացնում կոռուպցիոն ռիսկերը:

Պատգամավորի խոսքով, կոռուպցիոն ռիսկերն ավելացնում է նաեւ նախագծով ներկայացված այն դրույթը, որ դատարանների նախագահների լիազորությունները կասեցնելու իրավասությունը փաստացի տրվում է Արդարադատության խորհրդին, որը նախագահի հաստատմանն է ներկայացնում կասեցման որոշումը:

«Արդարադատության խորհուրդը ամենամեծ գուրզն է դատարանների անկախության գլխին: Խորհրդի անդամներ կան, որ 98-ից մինչեւ օրս անդամ են», — նշեց Ջհանգիրյանը` առաջարկելով սահմանափակել Արդարադատության խորհրդի (ԱԽ) անդամների պաշտոնավարման ժամկետները: Նա նաեւ անդրադարձավ այն խնդրին, որ ԱԽ անդամ հանդիսացող դատավորները արտոնյալ են համարվում:

«Վճռաբեկ դատարանի խորհրդի անդամ դատավորները սպիտակ դատավորներ են. նրանք երբեւէ կարգապահական տույժի չեն ենթարկվել: Խորհուրդը պետք է ամբողջությամբ վերանայել», — նշեց նա: Բացի դրանից, ըստ պատգամավորի՝ անընդունելի է այն փաստը, որ դատավորները ԱԽ-ում մեծամասնություն են կազմում` փաստացի իմաստազրկելով Խորհրդում ընդգրկված չորս գիտնական իրավաբանների ներկայությունը:  «Եթե այս չորս իրավաբան-գիտնականները դատավորներից տարբեր դիրքորոշում ունենան, Խորհրդի որոշման կայացման վրա չեն կարող ազդել, գոնե այնպիսի կարգ սահմանենք, որ որոշումներն ընդունվեն առնվազն գիտնականներից երկուսի կողմ լինելու դեպքում», — նշեց Ջհանգիրյանը: 

Նշենք, որ Արդարադատության խորհուրդը, մասնավորապես, ընտրում է դատավորներին եւ ներկայացնում նախագահի հաստատմանը:

Նախորդ հոդվածը‘Հերթական գանձումը «Նաիրիտից». Մոսկվայի դատարանը պարտավորեցրել է 25 մլն դոլար բռնագանձել ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռոսկոմնադզորը» «Աջ սեկտորի» հետ հարցազրույցի համար նախազգուշացում է արել Lenta.ru-ին’