‘Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն Աբխազիան և Հարավային Օսիան համարում է Վրաստանի մասը’

1091

ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, հավատարիմ մնալով Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքին, չեն ընդունում Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի 28  անդամ երկրների արտգործնախարարները, որ հերթական հանդիպման համար Բրյուսելում կհավաքվեն հունիսի երրորդ տասնօրյակում, գնահատական կտան այն առաջընթացին, որը գրանցել է Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին, ասել է Ռասմուսենը: Նա հաստատել է, որ ՆԱՏՕ-ի 2008 թ. ապրիլյան գագաթնաժողովի որոշումն այն մասին, որ Վրաստանը ժամանակի ընթացքում կդառնա դաշինքի անդամ, մնում է ուժի մեջ:

Հունիսի 3-ին ԵԱՀԿ-ն մոբիլ խումբ է ստեղծել՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքերի մոնիթորինգի նապատակով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Զուրաբ Աբաշիձեն: Իր հերթին՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր շվեյցարացի գործընկեր Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում հույս է հայտնել, որ Աբխազիայում վերջին իրադարձությունները և ընդդիմության պահանջով իշխանության փոփոխությունը ոչ մի կերպ չեն առնչվում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

Հիշեցնենք. Վրաստանն օրենք է ընդունել, որը կորսված Աբխազիան և Հարավային Օսիան սահմանում է որպես «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ»:

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Վրաստանից առանձնացած Աբխազիան և Հարավային Օսիան: Աբխազական և հարավօսկան իշխանությունների համաձայնությամբ՝ այդ տարածքներում տեղակայվեցին ռուսաստանյան զորքեր, Սուխումում և Ցխինվալում բացվեցին ՌԴ դեսպանատներ: Ի պատասխան՝ վրացական իշխանությունները խզեցին դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Փոխանցում է rosbalt-ը:

Նախորդ հոդվածը‘Հայկ Դեմոյան. Եղածներից ընտրեցինք այն, ինչը որ համարեցինք, որ կարելի է օգտագործել’
Հաջորդ հոդվածը‘Հասմիկ Պողոսյանը Անաստաս Միկոյանին համեմատեց Նապոլեոնի հետ’