‘Ռետրո Մամուլ. Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ’

2636

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ. կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին մի տետրում գրի է առել Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերին ռադիոյի միջոցով տեղեկացող մեր  ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափակումների: Այդուհանդերձ՝ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ, ամեն դեպքում, ընդհանուր պատկերացում են տալիս մարտերի ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես, սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջար) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսերը, Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ընթացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն  հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը, դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումն այդ օրերի ռազմական իրադրության մասին:

1993 հունիսի 14

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ առավոտվանից ադրբեջանական բանակը հարձակում է գործադրել երեք ուղղություններով՝ դեպի Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի: Հայկական ուժերը արժանի հակահարված են տվել: Խփվել է 3 տանկ: Երկու կողմից կան զոհեր:

Հայաստանի սահմանամերձ շրջաններում՝ հարաբերական հանգիստ: Մեկնաբանություն՝ գրառումների հեղինակի կողմից. թող ռազմական պատմության մասնագետները ճշտեն, թե այս օրն իրականում որ կողմն է վերսկսել ակտիվ ռազմական գործողությունները՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական: Փաստն այն է, որ այդ օրվանից, կարող ենք համարել՝ սկսվել է Մարտակերտի եւ Աղդամի ազատագրման ճակատամարտը, որը կտեւի մինչեւ հուլիսի վերջ: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» տարեկան շահույթը կազմել է 30 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Օբաման համաձայնել է զենք մատակարարել սիրիացի ապստամբներին ‘