‘Ռիչարդ Պենյա. «Այն երջանիկներից եմ, ովքեր կարողանում են հաճույք ստանալ իրենց աշխատանքից»’

1437

«Այն մարդկանցից  եմ, ում կայացման վրա մեզ ազդեցություն է ունեցել լեգենդար Լուիս Բունյուելը: Մայրս իսպանուհի է, մեծացել եմ դասական իսպանական ընտանիքում և Բունյուելը մեր դաստիարակության մի մասնիկն էր: Կարծում եմ, նա այն ռեժիսորներից է, որ կարողացել է լիովին արտահայտել արվեստի ուժը: Բունյուելը միշտ ոգեշնչել է ինձ ու հավատ ներշնչել, որ արվեստը հզոր մի գործիք է` պայքարելու և փոփոխության հասնելու համար: Տարին մեկ «բունյուելյան օրեր» եմ կազմակերպում ինքս ինձ համար: Նա հին ընկերս է, ում հետ հանդիպելուց միշտ նոր բաներ եմ սովորում:…Ընտանիքիս անդամները արվեստի հետ որեւէ կապ չունեն, բայց միշտ ոգեշնչել ու աջակցել են ինձ: Նրանք հարգել են ընտրությունս, երբեւէ չեն պարտադրել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությունն ընտրել: Մանկուց սիրել եմ գրականությունը և երջանիկ եմ, որ կարողացել եմ շարունակել ընտրածս ուղին: …
1988 թվականին դարձա Լինքոլն կենտրոնի կինոընկերության ծրագրերի մշակման տնօրենը: Հենց մենք էինք ընտրում Նյու Յորքի կինոփառատոնի ֆիլմերի ցանկը: Այդ ժամանակից շատ բան է փոխվել կինոարտադրության ոլորտում: Այսօր կինո դիտելն ավելի հասանելի է մարդկանց համար:   Իհարկե, մեծ պատասխանատվություն է 3000 ֆիլմերից ընտրել նրանք, որոնք կցուցադրվեն Նյու Յորքի կինոփառատոնում: Բայց կա «վստահության ֆենոմենը», որն ավելի է ամրապնդվում տարիների ընթացքում: Այսինքն, կարևորն այն է, որ ռեժիսորներն ու հանդիսատեսը վստահ լինեն` դու անկողմնակալ ես ու ազնիվ` քո եւ նրանց առջեւ: Նրանք պետք է հավատան, որ քեզ վրա ազդեցություն չկա և դու դիտում ես ֆիլմը արվեստի ընկալման քո չափանիշներով: Այդ դեպքում, եթե նույնիսկ սխալ ընտրություն կայացնես, քեզ կհասկանան ու կներեն:…Ամեն տարի նոր կինոփառատոններ են ծնվում, բայց Նյու Յորքի կինոփառատոնը, կարծես, բուտիկ լինի, որտեղ առաջարկվում է միայն այն, ինչ քեզ պետք է, լավագույն ընտրանին:Իսկ մեծ տեսականի նախընտրող մարդիկ սուպերմարկետ են գնում: Նյու Յորքի կինոփառատոնը հեռու է «աստղային փայլերից» ու գլամուրից: Կարմիր գորգին հայտնվող հայտնի դերասանները շատ լավ գիտեն դա: Մի անգամ Ջորջ Քլունիին էին հյուրընկալել, այնքան պարզ ու հասարակ պահեց իրեն, լուսանկարվեց բոլորի հետ, մնաց մինչեւ միջոցառման ավարտը:  …Կա մեկ փաստարկ, որ սիրես ֆիլմն ու հազարավոր պատճառներ, որ չսիրես այն: Այդ փաստարկը պետք է մյուս հազարավոր պատճառներից հզոր լինի: 
Կինոդիտումն ինձ համար և աշխատանք է, և հաճույք: Այն երջանիկներից եմ, ովքեր կարողանում են հաճույք ստանալ իրենց աշխատանքից: Վայելում եմ նույնիսկ այն ֆիլմերը, որոնք դիտում եմ որպես քննադատ: …Արվեստագետ չեմ, ոչ էլ արտիստ՝ երկար տարիների ընթացքում հազարավոր ֆիլմեր դիտելով, ինքս ֆիլմ նկարահանելու ցանկություն երբեք չեմ ունեցել: 
Շատ հետաքրքիր է հետևել սկսնակ ռեժիսորների էվոլյուցիային: Պեդրո Ալմոդովարի գործունեությանը հենց սկզբից հետևել եմ ու հիմա տեսնում եմ, նա աշխարհի ամենահայտնի ռեժիսորներից է»,-«Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի համադրողներից մեկի՝ Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն   Ռիչարդ Պենյայի խոսքերն են: Վերջինս «Ոսկե Ծիրանի» այս օրերին նույնպես Երևանում է: Ռիչարդ Պենյան եղել է  Լինքոլն կենտրոնի կինոընկերության ծրագրերի տնօրենը և Նյու Յորքի կինոփառատոնի տնօրենը 1988-2012 թթ.: Կինոընկերությունում Պենյան  կազմակերպել է Միքելանջելո Անտոնիոնիի, Սաշա Գիտրիի, Աբաս Քիառոսթամիի, Ռոբերտ Օլդրիչի, Գաբրիել Ֆիգեռոայի, Ռիթվիկ Գհատակի, Կիրա Մուրատովայի, Յուսեֆ Շահինի, Յասուձիրո Օձուի, Կարլոս Սաուրայի, Ռոբերտո Գավալդոնի և Ամիթաբհ Բաչչանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, ինչպես նաև աֆրիկյան, չինական, կուբայական, լեհական, հունգարական, արաբական, կորեական, խորհրդային, թուրքական և արգենտինական կինոյին նվիրված մեծ կինոաշարքերի ցուցադրություններ: Հաճախ է դասախոսություններ կարդում բազմազան կինոթեմաներով, Քոլամբիա համալսարանի կինոբաժնի պրոֆեսոր է, որտեղ մասնագիտացել է կինոտեսության և համաշխարհային կինոյի մեջ, իսկ  2006-09 թթ. իսպաներենի հրավիրյալ դասախոս է եղել Փրինսթոնի համալսարանում: Ներկայումս Պենյան նաև նյույորքյան Channel 13 հեռուստաալիքի Reel 13 ամենշաբաթյա ծրագրի վարողներից մեկն է:

Նախորդ հոդվածը‘ՀԲ Հայաստանին նախատեսում է սոցիալական, իսկ Ադրբեջանին` ներդրումային աջակցություն’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն որակազրկել է Ալոնսոին և Սիմեոնեին’