‘Ռուբիկ Հակոբյան. Հիմա մենք միասին ենք եւ կարող ենք միասին հաղթել ‘

2073

Իշխանությունները խնդիր են դրել բռնանալ մարդկանց վրա, որպեսզի նրանք չկարողանան արտահայտել իրենց բողոքը: Սիսիանում` ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի միասնական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը:

Նրա խոսքով, իշխանությունները բուծել են մարդկանց մի տեսակ, որը մասնագիտացել է ստի, կեղծիքի ու կաշառակերության մեջ: «Էդ մարդկանց, որ դրոշի գույների խորհուրդը հարցնես, չեն իմանա, բայց մարզպետ նշանակելու «սակագինը եւ ատկատների չափերը» անգիր կասեն, կամ՝ թե որ պաշտոնյային ինչքան պետք է կաշառք տալ գործերը առաջ գցելու համար», — ասաց Հակոբյանը: Նա նշեց, որ կեղծիքով ձեւավորված իշխանությունը խամաճիկ է դարձել այլ ուժերի ձեռքին՝ «լինի դա Ռուսաստան, կամ՝ Ամերիկա»: Հակոբյանի խոսքով, խորհրդարանի հիմնական ուժերն առանց կուսակցական դրոշների, ՀՀ դրոշի ներքո միացել են ամբողջական իշխանափոխություն իրականացնելու նպատակով: «Հիմա մենք միասին ենք եւ կարող ենք միասին հաղթել այն իշխանությանը, որը սողում է օտարի առաջ, բայց ժողովրդի առաջ ձեւ է անում, թե փորձում է թռչել: Սողալու համար ծնվածը թռչել չի կարող՝ հայտնի խոսք է: Այսքան տարի նրանք տարրական բարեկեցության հարցը չկարողացան լուծել: Ամենաանապահով Հայաստանը կառուցվել է «Ապահով Հայաստան» կարգախոսի ներքո», — ասաց պատգամավորը:

Հակոբյանը նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, «ովքեր գիտակցում են, որ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար»: «Դուք ա՛յդ քաղաքացիներն եք», — դիմելով սիսիանցիներին՝ եզրափակեց նա:

Նախորդ հոդվածը‘Սիսիանի հանրահավաքը փորձել են խանգարել տեղացի «սաքուլիկները»’
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Հիանալի է, որ խաղացի մի ամբողջ 90 րոպե»’