‘Ռուսաստանի հայերի միությունը առաջարկում է հունվարի 21-ը Սգո օր հայտարարել Հայաստանում’

1472

Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունը հանդես է եկել  հունվարի 21-ը Հայաստանում Սգո օր հայտարարելու  առաջարկությամբ:

Ինչպես նշվում է ՌՀՄ հայտարարությունում, հունվարի 21-ը յոթերորդ օրն է Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո: «Կարծում ենք` առկա իրավիճակում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի ղեկավարությունը չպետք է սահմանափակվի հայտարարություններով և արդար դատավճռի կայացմանն աջակցելու հավաստիացումներով, այլ պետք է ձեռնարկի ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը նպատակաուղղված ավելի վճռական իրական քայլեր», — ասվում է ՌՀՄ հայտարարությունում:

Նաև նշվում է, որ ՌՀՄ անթույլատրելի է համարում սադրիչ գործողություններն ու հայտարարությունները, որոնք նպատակաուղղված են հակառուսական տրամադրությունների հրահրմանը Գյումրիում, որտեղ ժողովուրդը բոլոր ժամանակներում ողջունել է ռուս զնվորի ներկայությունը: «Մենք համոզված ենք, որ կանցկացվի այդ ծանր հանցագործության անաչառ և համակողմանի հետաքննություն, և այդ ողբերգության համար բոլոր մեղավոևրները խստագույնս կպատժվեն», — եզրափակել են հայտարարության հեղինակները:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության նկատմամբ պասիվ դիրքորոշման առնչությամբ Ռուսաստանում բնակվող հայերը ստորագրահավաք են սկսել Ռուսաստանի հայերի  միության ղեկավար Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուքանյանի հրաժարականի պահանջով:

Նախորդ հոդվածը‘Կիսելյովը կարծում է, որ Գյումրիի ողբերգությունը կհամախմբի ժողովուրդներին, իսկ Լիմոնովը մահապատիժ է պահանջում ‘
Հաջորդ հոդվածը‘Վիլեն Գաբրիելյանին (Նավակ Ճոճողը) ծեծելու փաստի առիթով կատարվում է հետաքննություն.Ոստիկանություն’