‘Ռ. Նազարյան. Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի’

996

Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագիրը, որի հիմնական զեկուցողն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանին հետաքրքրում էր՝ առաջիկայում սպասվո՞ւմ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, թե՞ ոչ՝ հիշեցնելով Երվանդ Զախարյանի խոսքերը, թե էներգետիկա արտադրող ընկերությունները բավական ծանր վիճակում են գտնվում:

Ռոբերտ Նազարյանի խոսքով` էլեկտրաէներգիայի սակագինը կախվածության մեջ է նաև դրամի տատանումից և մի շարք այլ գործոններից, ինչպես նաև՝ գազի սակագնից. «Մասնավորապես՝ լուրջ դերակատարում ունի նաև դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, դրանով պայմանավորված՝ մենք սպասում ենք բանակցությունների ավարտին: Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի՝ դոլար-դրամ գներով պայմանավորված: Ես բանակցությունների արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո  էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել: Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»,-Նազարյանի խոսքերն է մեջբերում zham.am-ը:

Նախորդ հոդվածը‘Իվիցա Դաչիչ. Ղարաբաղյան հակամարտությունում դիտվում է իրավիճակի կտրուկ վատթարացում և բանակցային գործընթացի դանդաղում’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Առաջնագծում համեմատաբար հանգիստ է’