‘Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարության զարգացման «հոմանիշը» չեն’

1919

Սերժ Սարգսյանի դրությունն իսկապես աննախանձելի է: Բառի ամենաուղիղ իմաստով մսխելով իր «իշխանավարման» տարիները եւ բարեփոխումների տեղակ՝ հանրային նիհիլիզմ սերմանելով՝ ակնհայտ է, որ նա ինքն իրեն փակուղի պիտի մտցներ:

Ընդ որում՝ քանի որ ոչ մի գնով չի ուզում հրաժարվել իշխանությունից, ինչ-որ առումով բնական է, որ սահմանադրական բարեփոխումներ կոչված ֆարսն այս իրավիճակում կարո՛ղ էր ձախողակի իշխանությունը պահելու շատ կոնկրետ ելք դիտարկել:

Հատկապես՝ հավելյալ «օգտակար գործողության գործակցով»:

Չէ՞ որ հերթական պետական հեղաշրջումն այս դեպքում կարելի էր ոչ միայն «առավե՛լ ժողովրդավար լինելու, առկա խնդիրներին պատասխան գտնելու եւ պետական կառավարում ասվածն առավել ներկայացուցչական դարձնելու ցանկությամբ» պայմանավորել, ինչպես օրերս բարեփոխումները պատրաստող հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանն էր նշել, այլեւ սեպ խրել, օրինակ, ոչ իշխանական Քառյակի մեջ՝ օգտվելով հանգամանքից, որ ՀՅԴ-ն դեռ վաղու՛ց էր խոսում խորհրդարանական կառավարման մոդելի կամ համակարգի անհրաժեշտության մասին…

Խնդիրն, ուրեմն, եղել եւ մնում է ոչ՛ թե կառավարման համակարգը, այլ այն գործադրողների որակը, որովհետեւ համակարգն, այնուամենայնիվ, չի կարող մարդկանցից զերծ գոյություն ունենալ: Ավելին՝ այն չի՛ կարող ինքնին լավը կամ վատը լինել…

Ինչ վերաբերում է ժողովրդավարությանն ու ներկայացուցչականության ավելացմանը, կամ ինչպես ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էր ասում՝ «կառավարման հարցերը զոքանչի հետ լավ կամ վատ հարաբերություն ունենալու հետ կապելուն», մենք, թերեւս, ժամանակակից աշխարհում շնորհակալ պիտի լինենք ԱՄՆ Ջորջ Մեյսընի եւ Սթենֆորդի համալսարանների պրոֆեսորներ Խուան Լինցին եւ Դոնալդ Հորովիցին, ովքեր իրենց բազմաթիվ աշխատություններում ակտիվացրին այս քննարկումը քսանմեկերորդ դարի սկզբին՝ ապացուցելով, որ ժողովրդավարությունն ու ներկայացուցչականությունը որեւէ կապ չունեն ընտրված կառավարման մոդելի հետ: Եւ որ, ասենք՝ սկանդինավյան, հունական կամ իսպանական խորհրդարանական կառավարումն ի վիճակի է «շատ հաշտ քայլել» ֆրանսիական կամ ամերիկյան նախագահական համակարգի հետ, եթե երկու դեպքում էլ երկրում ամուր են ժողովրդավարական ավանդույթները:

Այդ դեպքում ինչպե՞ս ընտրել՝ կհարցնեք, եթե, իհարկե, խոսքն իսկապե՛ս ընտրության մասին է, ոչ թե սերժսարգսյանական «փոփոխության»:

Հարցի առնչությամբ երբեւէ հնչած կամ գոնե իմ կարդացած լավագույն պատասխանը, թերեւս, Պյեռ Թրյուդոյինն է: Այն մարդու, ով տասնվեց տարի Կանադայի վարչապետն էր:

«Կարծում եմ՝ խնդիրը, նախ եւ առաջ, մշակութային է: Օրինակ՝ ես երկար եմ մտածել հարցի շուրջ, թե ինչո՞ւ ֆրանկո-կանադացիները չէին հավատում կուսակցությունների միջոցով ժողովրդավարության հաստատմանը, եւ գտա. նրանք կաթոլիկ էին եւ, ուզենք, թե չուզենք՝ հակված են որոշակի հիերարխիայի եւ նվազ քվեարկությունների: Հատկապես՝ հոգեւոր հարցերի շուրջ…»:

Գալով մեզ՝ կարծում եմ, մեր հասարակությանն էլ կասկածելի է խորհրդարանական կառավարման մոդելի արդյունավետությունը, եւ այս փաստի ընդունումն ամոթալի չէ բնավ: Հակառա՛կը՝ քո իրականությունն ու մշակութային դաշտը հաշվի չառնելու, «Հնդստանի հողում թռչելու» ֆանատիզմն է ամոթալի:

Ինչ վերաբերում է վստահաբար ասպարեզից բոլորին հեռացնող ու քաղաքական դաշտը ամայացնել երազող Սերժ Սարգսյանին, կարծում եմ՝ կասկածից վե՛ր է այն հանգամանքը, որ նա ընդամենը ինքն իրեն է կամենում վերարտադրել:

Մի բան, որ նրան ամեն գնո՛վ պիտի արգելվի:

Հ.Գ. Ի դեպ, մեր հարեւան վրացիները, ովքեր նույնպես շտապեցին այս հարցում, ներկայումս լրջագույն խնդիրների առջեւ են կանգնած: Հանրապետական կուսակցության առաջնորդ եւ Իվանիշվիլու հետ կոալիցիա կազմած Խաթունա Սամնիձեին ընդամենը օրեր առաջ հանդիպեցինք շվեդական Գյոթենբերգ քաղաքում՝ SILC լիբերալ կենտրոնի կազմակերպած սեմինարների շրջանակում, եւ հենց նա՛ վկայեց, որ Սաակաշվիլին, ով ժամանակին, նույն Սերժ Սարգսյանի նմանությամբ՝ սոսկ իշխանության վերարտադրման նպատակ էր հետապնդել՝ խորհրդարանական կառավարման անցնելով, եւ փաստի առաջ կանգնել, որովհետեւ իր փոխարեն՝ Իվանիշվիլին անցավ իշխանության գլուխ, իրականում «կրակն է գցել» երկիրը, որովհետեւ.

ա. հիշյալ մոդելը չի ողջունվում վրացիների կողմից («նրանք չեն հասկանում՝ ում է պետք «մեխի գլուխ» նախագահը՝ պնդում էր Սամնիձեն),

բ. իրականում չափազանց դժվար է հստակ տարանջատել կառավարության, ԱԺ-ի եւ նախագահի լիազորությունները, եւ հիմա Վրաստանում, օրինակ, ավելի շատ էներգիա է ծախսվում այս խնդիրների մեկնաբանման, քան ռեալ բարեփոխումների անցկացման համար:

Այնպես որ, փորձարկումները պիտի մի կողմ թողնել եւ անցնել երկրում սահմանադրական կարգի վերակագնմանը: Միայն դրանից հետո կարելի է խոսել մնացած ամեն ինչի մասին…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի հաղթողը կվաստակի 37մլն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Գործող Սահմանադրությունը առաջին հերթին խախտում է իշխանությունը’