‘Սամվել Լֆիկ Ալեքսանյանը էթիկայի կանոնները չի՞ խախտել (տեսանյութ)’

1729

Մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիմումի քննարկումը թիվ 07 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

Հանձնաժողովն իր որոշմամբ եկել է այն եզրահանգման, որ դիմումում առկա են միայն պնդումներ Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին, «սակայն բացակայում է այդպիսի խախտումը (խախտումները) հավաստող որևէ առերևույթ հիմնավորում (խախտումը հավաստող փաստաթուղթ, այդ թվում՝ ապացույց)»:

Հիշեցնենք, որ 24.05.2013թ ԹԻՀԿ-ն դիմել էր Հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել Երևանի ավագանու ընտրություններին թիվ 8/08 ընտրատեղամասում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացին միջամտելու և տեղամասում «կարգուկանոն հաստատելուն» ուղղված վարքագծի համապատասխանությունը պատգամավորի էթիկայի կանոններին և, որպես ապացույց, հղում էր կատարվել համացանցում առկա տեսանյութին:

Հանձնաժողովը նշված տեսանյութը համարել է «դիմումի պնդումների հետ որևէ կապ չունեցող», մինչդեռ տեսանյութից ակնհայտ է, որ պատգամավորը ընտրատեղամաս է եկել ընտրական գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչը հաստատում է անձամբ ինքը՝ պատգամավորը՝ պատասխանելով լրագրողի հարցին: 

Նախորդ հոդվածը‘Նախագահական ընտրություններից առաջ Իրանում «լռության օր» է’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է 10 միլիոն ֆունտ վճարել Վիլաշ-Բոաշի համար’