‘Սեպտեմբերի 11-ի գործով դատապարտյալը մեղադրում է սաուդցիներին’

1010

Զաքարիաս Մուսաուին, որին ԱՄՆ-ում մեղավոր են ճանաչել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման մեջ, հայտարարել է, որ այդ գրոհները ֆինանսավորել են սաուդյան արքայական տան անդամները: Ըստ նրա՝ խոսքը «շատ հայտնի» սաուդցի պաշտոնյաների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավար, արքայազն Թուրքի Ֆեյսալ Ալ-Սաուդի մասին է: Մուսաուին, որ պատիժը կրում է ամերիկյան Կոլորադո նահանգի բանտում, պնդում է, որ արքայազնը և սաուդցի այլ բարձրաստիճան անձինք 1990-ական թթ. վերջերից ֆինանսավորել են «Ալ-Քաիդային»:

Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները հերքել են այդ՝ ինչպես իրենք են արտահայտվել՝ «հոգեկան հիվանդի» մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք «ուշադրության արժանի չեն»:

Մուսաուին պնդել է, որ Աֆղանստանում հանդիպել էր սաուդցի ոմն պաշտոնյայի հետ, ով աշխատելիս է եղել ԱՄՆ դեսպանատանը, ու պետք է նրա հետ մեկներ Վաշինգտոն՝ «ընտրելու նախագահի ինքնաթիռը հրթիռակոծելու հարմար տեղը»:

Ծնունդով Մարոկկոյից, Ֆրանսիայի քաղաքացի Զաքարիաս Մուսաուին ձերբակալվել էր սեպտեմբերյան ահաբեկչական գրոհներից մի քանի շաբաթ առաջ, ամերիկյան ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար: Գրոհների ժամանակ նա արդեն բանտում էր: Քննիչները պարզել են, որ ահաբեկչական գործողություններից մեկ ամիս առաջ նա Մինեսոտա նահանգում օդային թռիչքների դասընթացներ է անցել, իսկ նրա հաշվեհամարին գումար է փոխանցվել «Ալ-Քաիդայի» մի կողմնակցից: 2001 թ. դեկտեմբերին նրան պաշտոնական մեղադրանք է ներկայացվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը մասնակցելու համար: 2006 թ. նա ամերիյան դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման: Դատավճիռն արձակելու ժամանակ նա հայտարարել է, որ «մասնակցել է  «Բոինգ-747»-ը Սպիտակ տան վրա ուղղելու մեծ դավադրությանը»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ «Հայջրմուղկոյուղու» կանոնադրական կապիտալը 5.337 մլն դրամով կհամալրվի. Պետբյուջեից ‘
Հաջորդ հոդվածը‘Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը հոկտեմբերին հանդես կգա Հայաստանում’