‘Սերժ Սարգսյանը՝ ցուցարարներին. Ուրեմն զբաղվո՜ւմ ենք. ԳԱԼԱ’

2424

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները հավաքվել էին Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հավաքվածներին շուրջ 7 տարի առաջ հանել են սեփական բնակարաններից՝ խոստանալով 2.5 տարում նոր բնակարաններ հատկացնել, բայց առ այսօր իրենք ապրում են վարձով, իսկ խնդրի լուծման հեռանկարն այդպես էլ չի երևում։

Սերժ Սարգսյանը, դուրս գալով առանձնատնից, մոտեցավ ցուցարարներին: Հավաքվածները ներկայացրեցին իրենց խնդիրը, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց .«Ուրեմն զբաղվո՜ւմ ենք»: Բնակիչները հարցրեցին, թե երբ, որևէ շինարարություն չի իրականացվում: Հաջորդեց Սերժ Սարգսյանի նույնաբովանդակ  պատասխանը: «Բայց դուք մեր նախագահն եք»,- դիմելով Ս. Սարգսյանին՝ ասացին բնակիչները: «Դրա համար էլ զբաղվում ենք»,- եղավ Ս. Սարգսյանի պատասխանը: Հետո բողոքի ակցիայի մասնակիցները դարձյալ համառոտ ներկայացրեցին իրենց խնդիրը, այս անգամ սակայն որևէ բառ Ս. Սարգսյանը չարտաբերեց: Շուտով նա իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ արագ հեռացավ:

Նշենք, որ Կոնդի բնակիչների և Սերժ Սարգսյանի նմանատիպ հանդիպումները տեղի են ունենում բավականին հաճախ և ամեն անգամ Սարգսյանը անտուն մնացած քաղաքացիներին անբովանդակ պատասխաններ է տալիս: Նախորդ անգամ նա հայտարարել էր. «եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»»:

Մի անգամ էլ Սերժ Սարգսյանը մոտենալով բողոքող քաղաքացիներին ասել էր, որ այն շենքը, որտեղ պետք է բնակարան ստանան կոնդենցիները, կառուցվում է:  Սակայն բնակիչները այդքան էլ ոգեւորված չէին Սերժ Սարգսյանից ստացած տեղեկատվությամբ, քանի որ սա առաջին անգամ չէ, որ նրանք Սարգսյանից խոստումներ են ստանում:

Այժմ պարզվում է, որ ոչ մի շենք էլ չի կառուցվում:

Նախորդ հոդվածը‘Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով ‘
Հաջորդ հոդվածը‘Կիևը մտադիր է պարզել Մոսկվայից Հայաստանի մաքսատուրքերի հարցը’