‘Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞ ‘

4203

Կայացած քաղաքական եւ կառավարման համակարգ ունեցող երկրում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հրաժարական կտար, այն ամենից հետո, ինչ նրան հրապարակավ կասեր հանրությունը: Թեեւ, իհարկե, կայացած երկրներում երկրի նախագահը չի կարող լինել Սերժ Սարգսյանը: Բայց, գործ ունենք հայաստանյան համակարգի հետ, ինչի պարագայում տեղի ունեցածող զարգացումները միանգամայն օրինաչափ են:

Հետաքրքիր է շարունակությունը՝ Սերժ Սարգսյանը հրաժժարական կտա՞, թե՞ կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը, որն ավարտվում է 2018 թվականին:

Սարգսյանը, հիշեցնենք, առաջին անգամ նախագահ դարձավ 2008-ին՝ առնվազն տաս զոհի, հարուրավոր վիրավորների եւ քաղբանտարկյալների, կեղծված ընտրությունների եւ հարյուր հազարանոց բողոքի ցույցերին զուգահեռ: Երկրորդ անգամ՝ 2013-ին՝ նորից կեղծված ընտրությունների եւ լրատվական դաշտի գրեթե տոտալ «փեսաֆիկացման» արդյունքում:

2007 թվականին Հայաստանի ներիշխանական կյանքում հետաքրքիր իրավիճակ էր: Թվում էր, թե  Սերժ Սարգսյանը հեշտ ու հանգիստ կբազմի նախագահի աթոռին՝ հեշտ հաղթանակ արձանագրելով:

Դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանն ինչպես կտնօրիներ այդ հաղթանակը, եթե 2007 թվականի սեպտեմբերին ակտիվորեն խաղի մեջ չմտներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով աննախադեպ շարժում ձեւավորեց եւ սրընթաց ավելացրեց իր համախոհների թիվը: Այդ իրողությունը ստիպեց, որպեսզի իշխանության ներսում տեղի ունենա կոնսոլիդացիա, եւ Սերժ Սարգսյանը սկսեց «գնել» ցանկացածին, ում կարող է:

Բայց քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, եւ պատահական չէր նաեւ այն, որ կոնսոլիդացված իշխանությունը հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո, սկսեց ճաքեր տալ:

Այժմ Սերժ Սարգսյանը հստակորեն հասկանում է, որ խնդիր ունի յուրայինների հետ, եւ, ըստ էության, գնալով ավելի ու ավելի մենակ է մնում:

Թե ինչո՞ւ այս պարզ բանը հասկանալու համար Սարգսյանին պետք էր այսքան տարի, կարող է մի քանի բացատրություն ունենալ: Բանն այն է, որ սկզբանական շրջանում Սարգսյանը հույս է ունեցել, թե  ներքաղաքական զարգացումները կարող է լիովին տեղավորվել է իր կողմից վարվող քաղաքական կուրսի ներքո եւ այսպես ասած պահպանել չինովնիկական հավատարմության սուրբ չեզոքությունը, երբ լսում են նրան, ում ձեռքին է դե յուրե իշխանությունը:

Այդ իմաստով, օրինակ, բավական ցայտուն է լրատվական դաշտում ստեղծված իրավիճակը: Շատ ԶԼՄ-ներ, (հատկապես ԱՄՆ դեսպանատան հետ սերտ առնչություն ուենցողները) սկզբնական շրջանում, հայտարարեցին իրենց չեզոքության՝ «ոչ ինձ, ոչ քեզ» տարբերակի մասին: Բայց հետո սույն ԶԼՄ-ները հերթով փաստացի հայտարարեցին, թե միայն ու միայն Սարգսյանի թիմի անդամ են եւ ուրիշ ոչ մեկի: Բայց, Սերժ Սարգսյանը չհավատաց նրանց, եւ կարճ ժամանակ անց փորձաշրջան սկսեց բոլոր այդ ԶԼՄ-ների համար՝ «փեսաֆիկացման» շրջանակներում: Կասկածներ կան, ի դեպ, որ հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի շարք պրոդեսպանական ԶԼՄ-ների հետ կապված Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ ինչ որ բան կասկածել է կամ գուցե նույնիսկ  բացահայտել: Համենայն դեպս, իշխանության կողմից այդ ԶԼՄ-ներին նոր ֆինանսավորում տրամադրելու հարցը արդեն շատ մեծ հարցականի տակ է:

Միեւնույն ժամանակ, Սարգսյանը դե յուրե անկարող է ամբողջությամբ եւ միանգամից լռեցնել անգամ սեփական ստվերում գործող այդ ԶԼՄ-ներին: Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին, որ այդ ԶԼՄ-ները կարող են ժամանակ առ ժամանակ՝ օրը մեկ ժամ պարբերականությամբ ատամ ցույց տալ Սարգսյանին, եթե հանկարծ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ լինեն, կամ էլ՝ հրահանգ իջեցվի կուրատորներից:

Ասել է թե, քանի որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, Սերժ Սարգսյանին աջակցություն հայտնող Արեւմուտքը ցանկացած պահի կարող է նրա «ենթակայության տակից» հանել նշյալ ԶԼՄ-ներին: Եւ Սարգսյանն, ըստ էության, լիովին կմնա մենակ՝ ՀՀԿ-ականների, Վովա Գասպարյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ:

Հայաստանում, իհարկե, չի բացառվում ոչինչ, բայց առավել հավանական եւ իրատեսական կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սակայն, նկատի ունենալով այն, որ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ 4 տարուց ավելի ժամանակ կա, իսկ առջեւում էլ ամառային անդորր է, կարող ենք եզրակացնել, որ հրաժարականի հավանականությունը այս պահին այնքան էլ մեծ չէ: Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կարող է հենց այդ ամառային անդորրն օգտագործել իր հեռանալու հարցը հնարավորինս անաղմուկ լուծելու համար՝ հարաբերականորեն անաղմուկ, իհարկե:

Աշունը Սերժ Սարգսյանի համար բավական ծանր է լինելու, քանի որ մոտենում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ժամկետը, եւ կամ Ռուսաստանն է ուժգնացնելու ճնշումը, կամ՝ Արեւմուտքը, եթե Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով հետ կանգնի նախաստորագրումից: Այդ իրավիճակում, ամռանը լուծելով իր հրաժարականի հարցը, Սերժ Սարգսյանն իրեն կարող է աշնան համար գլխացավից ազատվել, կամ համեմատաբար թեթեւացնել աշունը, հիմնական գլխացավը տեղափոխելով ամառ:

Բադալ Հակոբյան 

«Դորդուբեշ» գլոբալ աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների փորձագիտական կենտրոն

Նախորդ հոդվածը‘Ջոն Քերին ուրիշ երկրներին լրտեսելը սովորական պրակտիկա է համարում’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը’