‘Սերժ Սարգսյանի «ապահով Հայաստանում» ոչ բոլորն են բանտ նստում ‘

2225

Այսօր հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել Վրաստանում Հայաստանի դեսպան, ծանրամարտիկ Յուրիկ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: Ինչ խոսք, սպասելի նորություն էր: Հայաստանյան արդարադատության աշխատաոճն է այդպիսին: Կան մարդիկ, ովքեր պիտի նստեն, եւ կան մարդիկ, ովքեր չպիտի նստեն: Եւ Յուրիկ Վարդանյանի որդին էլ, փաստորեն՝ պիտի չնստի: Ի՞նչ է արել որ, մի քիչ թմրանյութ է բերել:

Թարմ մեկ այլ օրինակ՝ Արամ Մանուկյանի վրա օրերս հարձակում գործած, նախկինում ադամանդի մաքսանենգության համար դատապարտված եւ ապա, ուշադրությո՛ւն՝ համաներմամբ ազատ արձակված Արշակ Սվազյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Որովհետեւ, ըստ իրավապահների, ԱԺ պատգամավորի վրա հարձակում գործելը, նրան հարվածելը ծանր հանցագործություն չէ: Այդպիսի մարդուն կարելի է միանգամից ազատ արձակել: Այն էլ՝ արդեն մեկ անգամ համաներվածին: Որովհետեւ մաքսանենգությունն էլ  ոմանց համար դեռ բանտում փակվելու պատճառ չէ: Հատկապես՝ եթե այդ ոմանք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի մոտ նախկինում վարորդություն են արել:

Չեն ձերբակալվում նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին ծեծի ենթարկած՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյանները: Հա, հայտնաբերվել են տղաները, հա, խոստովանել են, որ իրենք են եղել, բայց արի ու տես՝ ասեցին, խոսեցին ու գնացին տուն:

Կամ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ինչպես նաեւ նրա 19-ամյա որդին՝ Տիգրանը, մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո ձերբակալվել էին եւ գտնվում էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Ահա, մի դեպք գտանք, կարծես՝ երբ իրենց տղաները նստել են:  Բայց նրանք էլ անազատությունը երկար «չվայելեցին»:

Դե, եթե մարդ են սպանել ու չեն նստել, ապա, բնական է, որ Յուրիկ Վարդանյանի՝ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, առանց իրացնելու նպատակի, ապօրինի շրջանառելու համար 4 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված որդին՝ Դավիթ Վարդանյանը, կարող էր դիմել վաղաժամ պայմանական ազատման հանձնաժողովին եւ իհարկե՝ ազատ  արձակվել:

Եւ սա՝ այն դեպքում, որ, էլի՛ ուշադրություն, այդ հանձնաժողովն իր «այո» ասելու հարցում այնքան ժլատ է, որ էլ չասած: Գրեթե բոլորին մերժում են: Նույնիսկ՝ երբ մեզ կարող է թվալ, թե՝ անհիմն: Բայց հիմքը հո հանցանքը չէ միայն, այլ՝ թե ով է հայրիկը: Իսկ թե ով է հայրիկը, եւ թե ով է հայրիկի պապան, գաղտնիք չէ:

Մի հիշեցում էլ: Հասարակության հիշողության մեջ դժվար թե ջնջված լինեն 2008 թվականից ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչների անտեղի ձերբակալումները եւ նրանց նկատմամբ կիրառված անհամաչափ պատիժները: 6 տարիների ընթացքում, հարյուրավոր քաղբանտարկյալներ ամենատարբեր մեղադրանքներով հայտնվել են անազատության մեջ, եւ երբեւէ նրանց նկատմամբ չի կիրառվել նմանօրինակ վերաբերմունք (բացառությամբ՝ համընդհանուր համաներումը, որն իրականացվեց բացառապես քաղաքական երկարատեւ ճնշումների արդյունքում): Իհարկե, իշխանության սպասարկու իրավական համակարգը բոլոր դեպքերում գտնում է օրենքով սահմանված հիմնավորումները, բայց դրանք գործում են միայն յուրայիններին ազատելու ժամանակ: Սերժի Սարգսյանի «ապահով Հայաստանում», ամենածանր հանցագործության դեպքում անգամ, դուք կարող եք անազատությունից խուսափել, եթե անցել եք նրա թրի տակով, իսկ եթե ոչ՝ ապա արդեն գիտեք՝ ինչ կարող է պատահել:

Սերգո Տոնոյան 

Նախորդ հոդվածը‘Օբաման առայժմ չի ստորագրել «Ուկրաինայի ազատության աջակցության մասին» օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Հայցվորը iLur.am-ից 6,624 մլն դրամ է պահանջում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման փաստը ներկայացնելու համար’