‘Սերժ Սարգսյանի ելույթը միջամտության է ենթարկվել’

2535

Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից մասեր են մոնտաժվել, դուրս հանվել կամ փոփոխվել։ Կուսական վիճակում այն որոշ հետաքրքիր մանրամասներ է պարունակում։ Ոմանք պնդում են, թե դրանում խառն է «Բաղրամյան 26-ի» մատը։ Այսպես.

1. «…գնալ այն մարդկանց հետեւից, ովքեր ատկատներ են վերցնում, գնալ այն մարդկանց հետեւից, ովքեր մատակարարներից պարտքեր են վերցնում,  գնալ այն մարդկանց հետեւից, ովքեր իրենց քեռու տղային են բերում տենդերում հաղթեցնում կրկնակի ավել գներով» հայտնի մտքից հետո նա ասել է. «Քեռու տղան, հորքուր-մորքուրի տղան դեռ ոչինչ՝ արյունակից բարեկամ են։ Ես գիտեմ դեպքեր, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան իր փեսային է առաջ քաշում, օգնական, խորհրդական բերում, ընդհուպ նրան վստահում իր ողջ աշխատակազմը։ Հին հայկական իմաստուն ասացվածք կա փեսայի մասին, ասում ա՝ «ախր փեսան ո՞ւմ շունն ա…»։ Ինչպե՞ս կարելի է կորցնել ազգային մտածողությունը եւ վստահել ոչ արյունակցին, օտարին ։ Ես նույնիսկ հարազատ եղբորս եմ կանչել ու խստագույնս պատվիրել՝ սահմանափակել «փայ մտնելը»։ Պետական մտածողություն պիտի ունենանք, զոհողությունների պատրաստ պետք է լինենք բոլորս, հատկապես երկրի ու մեզ համար պատասխանատու ու ճակատագրական նախընտրական փուլերում»։

Հասկանալի չէ՞, որ «Բաղրամյան 26-ում», հատկապես փեսայի մասով, չէին կարող չարվել այս փոփոխությունները։

2.  Հետեւյալ դեպքում էլ ոչ թե հատված է դուրս թողնվել, այլ, նույն կադրերի տակ, Ս. Սարգսյանի խոսքն է փոխվել. «Խաչիկյանի պատմությունը…տասն անգամ էն ժամանակ էլ ասում էինք՝ թոշակները կարգավորեք, նպաստները կարգավորեք։ Բոլորն ասում էին՝ կարգին ա, էստեղ բան չկա։ Վերջը պարզվեց, որ տարեկան 11-12 միլիարդ  էնտեղից միայն տնտեսում կարանք անենք»։ Վերջին նախադասությունը փոփոխված տարբերակն է։ Հասկանալի է, չէ՞, որ երկրի ղեկավարը չէր կարող նման անհեթեթ, անգրագետ բան ասել. ի՞նչ «տնտեսում անել», երբ խոսքը զեղծարարությամբ բյուջեից 11-12 միլիարդ դրամի հափշտակման, յուրացման հայտնի փաստի մասին է, ու հենց այդպես էլ հնչել է Ս. Սարգսյանի շուրթերից. «Վերջը պարզվեց, որ տարեկան 11-12 միլիարդ էնտեղից միայն զեղծարարությամբ հափշտակվել ու յուրացվել է»։ Բայց այս դեպքում օդում մի հուժկու ու անպատասխան հարց է կախվում. «Իսկ ո՞վ է պատժվել խեղճ թոշակառուներից շորթված հսկայական այս գումարի համար»։  Որպեսզի օդում չկախվի այդ հարցը, «Բաղրամյան 26»-ում որոշել են՝ ավելի լավ է Ս. Սարգսյանի խոսքն այս մասում դառնա «մի քիչ» անհեթեթ, քան դրանից անմիջապես բխի «Իսկ ո՞վ է պատժվել խեղճ թոշակառուներից շորթված հսկայական այս գումարի համար» հարցը։

Ասում են՝ այս փոփոխության համար որոշակի լոբբինգ է արել նաեւ հիշյալ Խաչիկյանը։

3. Սերժ Սարգսյանի՝ «Դերո, արդեն դու էլ ահագին աշխատում ես…» խոսքերից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կանգնել եւ ասել է հետեւյալը. «Ներողություն, պարոն նախագահ, Դուք Ձեր մասին հոգնակի եք խոսում, իսկ ինձ դիմում եք ոչ միայն եզակի, ոչ միայն անունով, այլև «Դերո», ինչպես մեր բակում ինձ դիմել են մինչեւ 10 տարեկան հասակս։ Խնդրում եմ ինձ դիմել ազգանունով՝ կից օգտագործելով «պարոն» բառը, ինչպես դա ընդունված է պաշտոնական միջավայրում»։

Նիստից հետո բոլորն սկսել են քննարկել, թե ով է լինելու առողջապահության հաջորդ նախարարը։

iLur.am-ի Քաղաքական Հումորի բաժին 

Լուսանկարը՝ Ավետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘Կառավարության հետ խորհրդակցությունը PR քայլ էր. քաղտեխնոլոգ’
Հաջորդ հոդվածը‘Ողջ աշխարհի միլիարդատերերի կարողությունը կազմում է $ 6.2 տրիլիոն’