Սեւակ Արամազդ. ԱՐՄԷՆԸ

100649

                                                                                   Արմէն Շէկոյեանի յիշատակին

Իւրաքանչիւր մարդու՝ ե՛ւ իշխանութիւն ունեցողի, ե՛ւ իշխանութիւն չունեցողի, ճշմարիտ էութիւնը կարելի է անվրէպ ճանաչել այն բանից, թէ նա ինչպէս է յարաբերւում մարդկային իշխանութեանը։ Առաւել եւս դա վերաբերում է մտաւորականութեանը եւ, յատկապէս, գրողներին։ Սա մի սկզբունք է, որն ինձ համար ունի անխախտ աքսիոմի նշանակութիւն։

Իր սերնդի գրողների մէջ Արմէն Շէկոյեանն այն եզակիներից էր, որն «իշխանութի՞ւն, թէ՞ գրականութիւն» ճակատագրական երկընտրանքում գերադասեց կանգնել գրականութեան կողքին՝ թէ՛ իր կեանքով եւ թէ իր ստեղծագործութեամբ։ Նա ունէր լիակատար հնարաւորութիւն՝ դրանք «յաջողութեամբ» զուգակցելու, ինչպէս շատ ու շատ գրողներ, սակայն մնաց ինքն իրեն հաւատարիմ, քանզի այդպիսի «թռիչքի» համար հարկաւոր էր ունենալ հոգեեղծութեան եւ ինքախաբէութեան որոշակի «տաղանդ», որից նա ի բնէ զուրկ էր։ Նա տաղանդաւոր էր միայն բանաստեղծի իր կոչման մէջ եւ իր խորքում մանկական սրբազան երկիւղածութիւն էր տածում գեղարուեստական խօսքի հանդէպ։

Պատահական չէ, որ նա իր գործերում անվերջ փորձում է թաքցնել իր այդ բնածին սրբութիւնը՝ ձգտելով ընթերցողին ներշնչել կեանքի անփոյթ խաղի յետարդիական պատրանք, սակայն բախուելով տաղանդի ինքնաբուխ դիմադրութեանը՝ այդ ճիգն անխուսափելիօրէն ձախողւում է՝ վերածուելով բանաստեղծական փայլուն ինքնահեգնանքի։ Շնորհիւ այդ հակասութեան, որ մեր ժամանակի բնորոշ գծերից է, ճշմարտութիւնը դուրս է յորդում նրա ապրումների եւ ընկալումների ընդերքներից՝ նրա ստեղծագործութիւնները ողողելով լուսաւոր մի անկեղծութեամբ, որը երբեմն նոյնիսկ շրջւում է ինքն իր դէմ։

Նրա բանաստեղծութիւններում խօսում է մի բաց, ազնիւ, անչար հոգի, որը տառապում է սեփական ազատութիւնից եւ երեխայի պէս փխրուն է ու խոցելի։ Ահա թէ ինչու, դրսում՝ մարդկանց աշխարհում, նա ձգտում է ներկայանալ իբրեւ «անվախ», «գործնական», «կոփուած»՝ արդիակա՛ն մի մարդ, որն ինքնավստահ մտնելով տուն՝ ազատուած շունչ է քաշում եւ տխրում։ Եւ մանկան այդ անպաշտպան նկարագիրն է, որ նրա կերպարը դարձնում է սիրելի, ստեղծագործութիւնը՝ անշփոթելի, իսկ կորուստը՝ ողբերգական։ 

Այն մի քանի հանդիպումները, որ ես ունեցել եմ Արմէն Շէկոյեանի հետ, միայն հաստատել են իմ այս տպաւորութիւնը։ 

Նա եւ իր գործը նոյն մարդն են։

30․07․2021թ․

Նախորդ հոդվածըՏոկիո-2020. Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց
Հաջորդ հոդվածըԲելառուսցի մարզուհին ապաստան է խնդրում Եվրոպայում