‘Սկոլարին Ռոնալդինյոյի կարիքն ունի ‘

929

Բրազիլիայի ազգային հավաքանակի գլխավոր մարզիչն ազգային հավաքականի կազմ է ընգրկել 33-ամյա կիսապաշտպանին, ով նաև անցյալ սեպտեմբերին էր վերընդգրկվել  նրա կազմ: Հավաքական վերադառնալուց հետո փետրվարի 6-ին Սկոլարին անգլիացիների դեմ առաջին խաղը կանցկացնի գլխավոր մարզչի պաշտոնում,:

Հունվարի սկզբին «Մեծ Ֆիլ»-ն իր հարցազրույցներից մեկում չէր բացառել ո՛չ Կակայի, ո՛չ էլ Ռոնալդինյոյի հավանական վերադարձը ազգային հավաքականի կազմ: Բարսայի նախկին լեգենդի մասին խոսելով՝ նա նշել էր, որ նրան կարող է օգտագործել թե հարձակման աջ թևում, թե ետ քաշված հարձակվողի դերում:

Հիշեցնենք, որ 2002-ին, երբ ամբողջ Բրազիլիան պահանջում էր Ճապոնիա և Կորեա տանել 36-ամյա Ռոմարիոյին, Սկոլարին, բոլորին դեմ գնալով, հավաքականի կազմ ընդգրկեց 22-ամյա Ռոնալդինյոյին և չսխալվեց իր ընտրության հարցում: Այդ ժամանակվա ՊՍԺ-ի խաղացողը դարձավ առաջնության գլխավոր հայտնությունը, իսկ անգլիացիներին խփած գնդակը երևի թե լավագույնն էր ամբողջ առաջնությունում:

Բայց այժմ Ռոնալդինյոն  ի՞նչ ունի տալու հավաքականին, բացի փորձից: Ի՞նչ է նշանակում Սկոլարիի այս քայլը: Արդյոք մարզիչը Ռոնալդինյոյին իրո՞ք դիտարկում է որպես 2014-ին իրենց հայրենիքում անցկացվող Մունդիալի հավանական մասնակից, թե՞ փորձում է լուծել ժամանակային խնդիր: Նախ, բրազիլացիները հենց իրեն Սկոլարիին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակեցին ավելի լավ ընտրություն չունենալու պատճառով: Հիշենք ամենահավանական այլ տարբերակները` Մուրիսիո Ռամալյո, ում «Սանտոս»-ն այդքան էլ լավ վիճակում չէ, և Պեպ Գվարդիոլա, ում՝ «Սելեսաո»-ն գլխավորելու հնարավորությանը հենց սկզբից շատ քչերն էին հավատում:

Սա արդեն 3-րդ դեպքն է, ինչ աշխարհի հնգակի չեմպիոնները փորձում են հաջողության հասնել՝ հավաքականի ղեկին վերադարձնելով նախկինում աշխարհի գավաթը նվաճած մարզիչների: Առաջինը Զագալոն էր՝ 1998-ին, երկրորդը Պարեյրան՝ 2006-ին, և ահա Սկոլարին: Պարզ է, որ 2002-ի ԱԱ հաղթած մարզչի վրա ճնշումը շատ ավելի մեծ է լինելու, քանի որ  մրցաշարն անցկացվելու է հենց Բրազիլիայում:

Բացի Ռոնալդինյոյից՝ Սկոլարին Անգլիայի դեմ խաղին հավաքականի կազմ է ընդգրկել ևս երկու վետերանների` Ժուլիո Սեզարին և Լուիշ Ֆաբիանոյին: Երեք խաղացողների ընտրությունն էլ բխում է այն նույն տրամաբանությունից, ինչով և հենց Սկոլարին նորից հայտնվեց բրազիլացիների գլխավոր մարզչի պաշտոնում:

Բրազիլացիները չունեն Ժուլիո Սեզարի կարգի բարձրակարգ դարպասապահ, Լեանդրո Դամիաոյի մարզավիճակն այն չէ, և հետևաբար՝ նրանք այս պահին չունեն նաև բարձրակարգ հարձակվող:

Այժմ ՝Ռոնալդինյոյի դիրքում այլ տարբերակների մասին: Նեյմարի՝ ասպարեզում հայտնվելուց հետո այլևս չի քննարկվում հարձական ձախ հարցը: Նեյմարը ոչ միայն «Սանտոս»-ի և հավաքականի միակ աստղն է, այլև այն ֆուտբոլիստն է, որի շուրջ կառուցվում են ԱԱ 2014-ի ամբողջ պրոմո գովազդները: Պարզ է դառնում, որ Ռոնին խաղալու է հենց 10 համարի դիրքում: Այստեղ՝ հնարավոր տարբերակների մասին: Գանսոն շատ շուտ մարեց, և դժվար է նրան պատկերացնել թիմի առաջատարի դերում: Լուկաս Մոուրան դեռևս պետք է իրեն դրսևորի ՊՍԺ-ում, որպեսզի համարվի այդ դիրքի իրական հավակնորդ: Ռոբինյոն 10 խաղը մեկ է լավ հանդիպում անցկացնում, իսկ «Լացիո»-ի Հերնանեսը թեև բավականին հասուն ֆուտբոլ է ցուցադրում իտալական ակումբում, այդպես էլ չի կարողանում իրեն նույն կերպ դրսևորել ազգային հավաքականի կազմում:

Ռոնալդինյոն, ով «Ատլետիկո Մինեյրո»-ում վատ մրցաշրջան չանցկացրեց, 2006-ի Պարեյրայի թիմի ձախողումից հետո պարբերաբար հրավիրվում էր ազգային հավաքական, բայց արդեն վաղուց կորցրել էր իր դերն ու նշանակությունը ազգային հավաքականում: Նա, իհարկե, շարունակում է համարվել ամենամեծ մասսայականությունը վայելող բրազիլացի խաղացողը, բայց Բարսայից հետո այդպես էլ որևէ տեղ իր նախկին խաղամակարդակին չբարձրացավ: Դրան, իհարկե, մեծապես նպաստեցին այն կարգապահական խախտումները, որոնք նա թույլ էր տալիս իր բոլոր թիմերում:

Ամբողջ բրազիլական մամուլն ու ֆուտբոլասեր հասարակությունը շարունակում են պնդել, որ իրենք միայն հաղթանակ են ակնկալում 2014-ի ԱԱ-ից, բայց դա այժմ ավելի շատ նման է ոչ թե համոզմոնքի, այլ սովորության վերածված քմահաճույքի: Իսպանացիները, գերմանացիները, իտալացիները և նույնիսկ բրազիլացիների՝ Հարավային Ամերիկայում գլխավոր մրցակից արգենտինացիներն այս պահին ունեն շատ ավելի կայացած թիմ, որտեղ զգացվում է նաև մարզչական հստակ ձեռագիր, որի կարիքը, երկար ժամանակ է՝ ունեն բրազիլացիները:

Միգուցե Ռոնալդինյոն  2014-ին իրոք կարողանա Նեյմարի հետ միասին դառնալ հրաշքի հեղինակ, բայց այս պահին Սկոլարիի որոշումը ավելի շատ նման է ծայրահեղ քայլի, որին այլընտրանք, ճիշտ է, մարզիչը այս պահին պարզապես չուներ:

Նախորդ հոդվածը‘Գուտի. Նորմալ է, երբ «Ռեալում» հակասություններ են լինում’
Հաջորդ հոդվածը‘Դավոսի համաժողովի հակառակորդները պայթյուններ են իրականացրել Ցյուրիխում’