‘Սովահար քաղաքացիները հեռանում են Դամասկոսի պաշարված արվարձանից’

874

Հազարավոր սիրիացիներ իշխանությունների կողմից թույլտվություն են ստացել հեռանալ Դամասկոսի Մուադհամիա արվարձանից, որն այս տարվա մարտ ամսից ի վեր պաշարված է կառավարական զորքերի կողմից:

Արվարձանում մթերքի պաշարները վաղուց են սպառվել, և քաղաքացիները բազմիցս են դիմել կառավարությանը՝ սովից իրենց փրկելու խնդրանքով: Սիրիական բանակի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, թե շրջաններն իրենց վերահսկողության տակ պահող ապստամբները ստիպված կլինեն կամ հանձնվել, կամ բնակիչների հետ միասին սովի մատնվել: Ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը, շրջափակումը թուլացնելուն պես Մուադհամիայից փախստականների հոսք է սկսվել:

Կառավարական զորքերը մի քանի ամիս շարունակ պաշարման մեջ են պահել Սիրիայի մայրաքաղաքի առնվազն երեք արվարձաններ՝ Յարմուկը, Արևելյան Գուտան և Մուադհամիան: Իրավիճակն այնքան ծայրահեղ էր դարձել, որ երկու շաբաթ առաջ մի խումբ իմամներ որոշում կայացրին, որով պաշարված արվարձանների քաղաքացիներին թույլատրվում էր ուտել մուսուլմաններին արգելվող մսի տեսակներ: Տարածվեց մի տեսագրություն, որում իսլամական հոգևորականները հայտարարում են, թե սովից ազատվելու համար մարդկանց թույլատրվում է ուտել կատու, շուն և ավանակ:

Ամիսներ շարունակ միջազգային մարդասիրական կազմակերպությունները Սիրիայի իշխանություններին կոչ էին անում թույլ տալ մթերքներ մատակարարել պաշարված արվարձանների բնակիչներին, որոնք ակամայից հայտնվել են թակարդի մեջ:

Փորձագետների գնահատականներով՝ այն բանից հետո, երբ Մուադհամիայի բնակիչների մեծ մասը հեռանա այդ շրջանից, կառավարական զորքերի և ապստամբների դիմակայությունն այդտեղ ավելի կսաստկանա, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սթիվ Ջոբսի մանկության տանը տեսարժան վայրի կարգավիճակ է շնորհվել’
Հաջորդ հոդվածը‘Պոլիոմիելիտի համաճարակ Սիրիայում’