Սուխումիում ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը

396

Սուխումիում ցուցարարները նախագահ Ասլան Բժանիայի հետ իրենց պատվիրակության բանակցություններից հետո պահանջել են նրա հրաժարականը խորհրդարանի որոշմամբ։ Նրանք նաև պահանջել են ընտրական համակարգի փոփոխություն կատարել։

Կառավարական շենքերի համալիրի մոտ տեղի ունեցած հանրահավաքն ավարտվել է առանց տուժածների, թեպետ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ադգուր Արձինբայի խոսքով՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։

Նախագահի հետ բանակցություններից հետո ընդդիմության պատվիրակության անդամ Ախրա Բժանիան ընթերցել է ընդդիմության պահանջները․ ըստ էության՝ նրանք պահանջում են չճանաչված հանրապետության նախագահին իմպիչմենտ հայտարարել։

«Ահա մեր պահանջները․ պետության ղեկավարի կողմից իր սահմանադրական պարտականությունները կոպտորեն խախտելու փաստի կապակցությամբ նախաձեռնել Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի միջոցով նախագահին իշխանությունից հեռացնելու՝ օրենքով նախատեսված գործընթաց, սառեցնել նախագահի բոլոր էներգետիկ, արտաքին քաղաքականության, ունեցվածքային նախաձեռնությունները, փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որոնք կնախատեսեն անցում ընտրությունների խառը համակարգի՝ յոթերորդ գումարման խորհրդարանում կուսակցական ներկայացուցչությունն ապահովելու նպատակով»,- հայտարարել է Ախրա Բժանիան։

Այդ միջոցառումներն ապահովելու համար ընդդիմությունը պահանջում է մեկ տարով երկարաձգել հանրապետության խորհրդարանի իրավասությունները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴանիան Կոսովոյում բանտախցեր է վարձակալում․ իրենցը շուտով չի բավարարի
Հաջորդ հոդվածըՍաակաշվիլիի կողմնակիցները պատրաստվում են հացադուլ անել՝ մինչև նրան ազատ կարձակեն